Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունիսի 25-ին, Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատական նիստի սկզբում Շանթ Հարությունյանը ընկերներին կոչ արեց դատարանում պաշտպանվել այնպես, ինչպես ուզում են, բայց դա անել արժանապատվությամբ (ֆոտոռեպորտաժ)։
«Տղերք ջան, դուք ազատ եք. ոնց ուզում եք՝ պաշտպանվեք, եթե մի քայլ կա, որ կարող եք անել որպեսզի մի օր շուտ ազատվեք, արեք, բայց խնդրում եմ դա չանել արժանապատության հաշվին, զիջումները չլինեն արժանապատվության հաշվին։ Ուզում եք ասեք՝ միլիցա ենք ծեծել, լավ ենք արել, հիմա էլ եթե ուզում եք, ասեք՝ ներողություն, ուզում եք՝ փաստաբան վերցրեք, կամ մի վերցրեք»,- ասաց Շանթ Հարությունյանը։
Նշենք, որ նախորդ նիստին Շանթ Հարությունյանը նոյեմբերի 5-ին իր հետ ձերբակալված և նույն գործով անցնող 13 ընկերներին կոչ էր արել հրաժարվել պաշտպաններից, քանի որ սա քաղաքական դատավարություն է, և փաստաբանն այստեղ անելիք չունի։ Դատարանն այսօր քննարկում է ամբաստանյալների համար պաշտպաններ ներգրավելու կամ նրանցից հրաժարվելու հարցը:
Դատական նիստը սկսվեց կես ժամ ուշացումով, քանի որ դատարանի դահլիճը փոքր է, հարազատները եւ լրագրողները չէին կարողանում տեղավորվել:
Ամբաստանյալների հարազատները պահանջում են, որպեսզի դատական քննությունը շարունակվի մեկ այլ դատարանի մեծ դահլիճում, որպեսզի կարողանան տեսնել իրենց հարազատներին:
«Մենք եկել ենք՝ մեր տղերքին տեսնենք եւ ոչ թե ոստիկանների թիկունքը եւ հետույքը»,-ասաց հարազատներից մեկը։
Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











