Ինչ որ ՀՀԿ-ն հունիսի 21-ին Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում քննարկել է, քննարկել է ներկուսակցական, ժողովրդավարության սկզբունքների հիման վրա: Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, լրագրողներին ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։

«Մարդիկ ունեն անձնական կյանք, այդ անձնական կյանքն ունեն նաեւ քաղաքական գործիչները: Կարծում եմ` մեր հարգարժան ԶԼՄ-ները պետք է հարգեն նաեւ նրանց իրավունքները, այդ թվում՝ անձնական կյանքը, այդ թվում նաեւ կուսակցական անդամների եւ համակիրների այսպես կոչված փակ հավաքների իրավունքը»,-ասաց նախարարը: 

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին «Ժամանակ» թերթը գրել էր, որ նախորդ օրը երեկոյան Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում ՀՀԿ-ն քեֆ է կազմակերպել: «Ենթադրվում էր, որ հինգշաբթի չկայացած ՀՀԿ ԳՄ նիստը երեկ կայանալու է Ծաղկաձորում: Բայց ինչպես ավելի ուշ պարզվեց՝ ՀՀԿ-ն իրար գլխի էր հավաքվել «մի կտոր հաց ուտելու» համար: «Մտիր ներս, սեղանը գցած ա»,- հուշում էին ՀՀԿ-ականները միմյանց»,-գրել էր թերթը:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am