ԵՊՀ-ում այսօր` հունիսի 25-ին, քննական յոթ սենյակներում անգլերեն առարկայից բանավոր քննություն հանձնեց 90 դիմորդ: Քննությունները շարունակվելու են մինչև հուլիսի 7-ը ներառյալ: Յուրաքանչյուր դիմորդի հարցատոմսը քաշելուց հետո տրամադրվել էր 50 րոպե պատրաստվելու եւ միջինում տասնհինգ րոպե՝ պատասխանելու համար:
«Մենք շատ լավ ենք տրամադրված դիմորդների նկատմամբ եւ յուրաքանչյուր պատասխան աշխատել ենք գնահատել ի օգուտ դիմորդի»,- NEWS.am-ին ասաց քննական հանձնաժողովի նախագահ Սվետլանա Մարգարյանը:
Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ իրենք ակնկալում էին ավելի լավ պատասխաններ։ Առաջին հոսքի քննություն հանձնողներից գերազանց պատասխաններ իրենք այսօր չեն լսել, ընդամենը երկու 18 միավոր են նշանակել, միայն երկուսն են ստացել անբավարար, որոնք չեն կարողացել ընկալել տեքստը եւ պատասխանել քննական հանձնաժողովի հարցերին: Մյուսները՝ նրա խոսքով ստացել են հիմնականում միջին գնահատականներ՝ 14 եւ 15։
Դիմորդները քննությունից դուրս էին գալիս հուզված, բայց հիմնականում գոհ էին հանձնաժողովի վերաբերմունքից եւ քննական հարցերից, դժգոհ էին միայն տեքստային հատվածի բարդությունից:
Ուսանողական պոլիկլինիկայի բժիշկ-թերապեւտ Էլլա Սեդրակյանը, որը ներկա է լինում ընդունելության բոլոր քննություններին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ բանավոր քննությանը, ի տարբերություն գրավոր քննությունների, ոչ մի դիմորդ չի վատացել:
«Գրավոր քննություններին ավելի շատ նյարդային պոռթկումներ են եղել։ Վալերիանա են խմել, գնացել շարունակել գրելը։ Լինում էին փսխումներ, քթային արնահոսություններ, բայց այսօր, բարեբախտաբար, նման բան չի եղել»,- ասաց Էլլա Սեդրակյանը։
Դիմորդների պատասխաններին քննական կենտրոնից դուրս հետևում էին նրանց ծնողները։ Նրանց խոսքով՝ իրենց դիմորդներից անհանգիստ էին ու հուզված։ Չնայած դրան՝ ծնողները ժպիտով ու գրկախառնությամբ էին դիմավորում երեխաներին, նույնիսկ եթե նրանք ցածր միավորներ էին ստացել։
Նշենք, որ ընդունելության ներբուհական եւ բանավոր քննությունները մեկնարկել են այսօր։ Երկու օր առաջ ավարտվել է գրավոր միասնական քննության 1-ին փուլը։ 2-րդ փուլը կմեկնարկի հուլիսի 2-ին։











