«Բանդայի գործով» դատական նիստին Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունիսի 25-ին, ամբաստանյալ Արթուր Մանուկյանը իր ցուցմունքում ասաց, որ իր նկատմամբ առաջադրված բոլոր մեղադրանքները «սարքած» են։
Մինչեւ պաշտպանվող կողմի ցուցմունքը լսելը դատարանը բավարարեց մեղադրյալ Արտուշ Հակոբյանի միջնորդությունը՝ բանդայի անդամների ձերբակալմանը վերաբերող լազերային սկավառակը դատական նիստի ընթացքում դիտելու և այն որպես իրեղեն ապացույց քրեական գործին կցելու վերաբերյալ:
Տեսագրության մեջ պարզ երևում էր, ոստիկանների կողմից բերման ենթարկվելիս ամբաստանյալները դիմակները թարս էին դրված։
«Այդ երբվանից են ոստիկանները կասկածյալներին բերում դիմակներով, որոնց վրայի անցքերը հետևից են: Հիմա քրեական գործում գոյություն ունեցող դիմակները, որոնց վրա կան մեր գենետիկական տվյալները, և որոնցով մենք իբր հարձակումներ ենք գործել, հենց այդ օրը ոստիկանների կողմից մեր վրա հագցրած դիմակներն էին, ես կյանքում դիմակ չեմ դրել»,-դատարանին պատմեց ամբաստանյալ Արտուշ Հակոբյանը:
Ամբաստանյալ Արթուր Մանուկյանը իր ցուցմունքում ասաց, որ ինքը համաձայն է Արտուշ Հակոբյանի հետ և կարծում է, որ ոստիկանները փորձում են այդ կերպ մեղքն իրենց վրա բարդել:
«Ես մեղադրյալներից ոչ մեկին նախկինում չեմ ճամաչել ու հիմա ինձ ասում են, որ երեք տարի առաջ ինչ-որ բանդայի եմ անդամագրվել: Չեմ հասկանում բանդային անդամագրվելս որն ա, պատգամավո՞ր էինք դառնում, թե՞ մանդատ էին տալիս»,-ասաց Արթուր Մանուկյանը:
Նա նշեց, որ քրեական գործով տուժող Կարեն Ջինանյանին նախկինում ոչ մի անգամ չի տեսել ու չի Ճանաչում:
«Ասում են, թե իբր ես իմ հղի ընկերուհուն տարել եմ իրա մոտ հիվանդանոց աբորտ անելու ու հետո, երբ ընկերուհուս մոտ արյունահոսություն է սկսվել, տարել եմ Կարեն Ջինանյանի տուն: Ես ոչ մի ընկերուհի չեմ ունեցել, ով հղի ա եղել, և բացի դրանից, եթե ես Ջինանյանի հետ հանդիպել եմ, էդ ո՞նց դառավ, որ եւ Ջինանյանը, եւ իր ընտանիքի անդամները դատարանում ասում են, որ ինձ չեն ճանաչում»,-նշեց Արթուր Մանուկյանը:
Ամբաստանյալն ասաց, որ ձերբակալման հենց սկզբից իրեն խոշտանգել են և ցուցաբերել են անմարդկային վերաբերմունք:
«Ոստիկանները հենց ինձ բռնեցին, սկսեցին ավտոմատով գլխիս խփել, գցեցին ավտոն և ութ հոգով վրաս նստեցին: Ոստիկանությունում էլ գցել էին գետնին ու հավաքարարի կեղտաջրով վեդրոն խփում էին գլխիս, հետո էլ դուբինկայով էին տալիս գլխիս: Իմ վիճակն այնքան վատ էր, որ երբ տարան Ազգային անվտանգություն, բժիշկը ասեց, թե էս տռուպը ինչի եք բերել»,-դատարանին պատմեց ամբաստանյալը, որը նշեց, որ ինքը տառապում է խրոնիկ շիզոֆրենիայով։
Արթուր Մանուկյանն ասաց, որ ինքն իր նախաքննական ցուցմունքը ստորագրել է, քանի որ ոստիկանության աշխատակիցներն են իրեն ստիպել:
«Այդ ժամանակ ես խոշտանգված և ծանր վիճակում էի, կանդալները նենց էին մտել մսիս մեջ, որ ձեռներս արդեն չէի զգում: Դեմս դրեցին, ասեցին բժշկական տեղեկանք ա, ստորագրի, ես էլ ստորագրեցի»,- նշեց մեղադրյալը:
Դատավոր Մեսրոպ Մակյանը, հաշվի առնելով, որ ամբաստանյալի նախաքննական և դատարանում տրված ցուցմունքների միջև գոյություն ունի էական հակասություն, որոշում ընդունեց հաջորդ դատական նիստին հրապարակել մեղադրյալի նախաքննական ցուցմունքը:
Դատական նիստը հետաձգվեց, քանի որ դատավոր Մեսրոպ Մակյանը մեկ ուրիշ նիստ ուներ:
Հաջորդ դատական նիստը կլինի հուլիսի 2-ին:
Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը եւ մյուսները մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Նշենք, որ ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:











