2010թ. զոհված ժամկետային զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը այսօր՝ հունիսի 23-ին, Կառավարության շենք մոտ ակցիայից հետո վատացավ եւ «Շտապօգնության» մեքենայով տեղափոխվեց «Արմենիա» բժշկական կենտրոն:
Նրա հետ բողոքի ակցիա անցկացնող կանայք պնդում էին, որ տիկին Նանան վատացել է «Պաշտպան» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գրիգորյանի հետ զրույցից հետո:
«Նանա Մուրադյանն ասել է, որ «Մառոզ Մարգոն» Սեյրան Օհանյանի պամպերսն է, ինքն էլ դրանից է վիրավորվել, որ եթե «Մառոզ Մարգոյին» վիրավորում են, ինձ էլ են վիրավորում, որովհետեւ նույն կազմակերպությունում ենք աշխատում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Իրինա Ղազարյանը:
«Շտապօգնության» բժշկի խոսքով՝ կնոջ մոտ ներվային հողի վրա դիմային ներվի բորբոքում է գրանցվել։
«Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը շատ վիրավորված է Նանա Մուրադյանի խոսքերից. «Պամպերս էր անվանում ինձ, չէր վատանո՞ւմ, հուղարկավորման ու տարբեր ծախսերի համար 7 մլն գումար ենք տվել։ Ես վիրավորված եմ նրանից շատ, նախարությունից գումարներ են վերցնում, ինձ էլ պամպերս է անվանում, մահացած երեխային դարձրել է բիզնես կենտրոն: Ես խոստանում եմ, որ սրանից հետո չեմ աջակցի մահացած զինծառայողների ծնողներին»:
Նշենք, որ այսօր ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը բանակում մահացած զինծառայողների ծնողներին խոստացել է հանդիպում նախարարությունում:











