2013թ. հուլիսի 30-ին Լեռնային Ղարաբաղի հենակետերից մեկում մահացած ժամկետային զինծառայող Արման Մուրադյանին սպանել է գումարտակի հրամանատարի տեղեկալ Էմիլ Ավետիսյանը, որպեսզի «չեպե» լինի եւ հրամանատարին հեռացնեն: Այս մասին այսօր՝  հունիսի 26-ին, Կառավարության շենքի մոտ NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացած զինծառայողի հայրը` Հովսեփ Մուրադյանը, ով եկել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանից խնդրելու, որպեսզի որդու մահվան գործը քննեն ոչ թե Ղարաբաղում, այլ Հայաստանում:

«Իրանք ուզել են անպայման սպանեն տղուս, որ չեպե բերեն զորամասի վրա, որպեսզի զորմասի հրամանատարին փոխեն, որովհետեւ միակ հրամանատարն ա, որ Լենինականից ա: Մարտական հերթապահության ժամանակ՝ ուժինից հետո, Էմիլը գնացել ա հենակետ, տեսել՝ երեխաները նոր են ուժին արել, կաթսան կեղտոտ ա եղել, ու դա է կռվի պատճառը եղել: Տղաս  էլ եղել ա հենակետի ավագը, ասել ա՝ նոր ենք հաց կերել, 5 րոպեից կլվացնենք: Դրանից հետո երեխեքին 3-4 ժամ ֆիզիկական բռնությունների ա ենթարկել՝ վազեցրել ա, որդուս ծեծել ա, որի վկայությունն ա մարմնի վրա եղած հետքերը, այնուհետեւ հրազեն գործադրմամբ սպանել ա որդուս»,- վրդովված պատմում էր հայրը, ով չի հավատում իր որդու ինքնասպանության պաշտոնական վարկածին։

Մահացած զինծառայող Արման Մուրադյանին գործով դատաքննությունը ընթանում է Ղարաբաղում, ինչը հոր՝ Հովսեփ Մուրադյանի խոսքով՝ խանգարում է արդար քննությանը:

«Վկան ցուցմունք ա տալիս՝ ես չտեսա՝ ոնց Արմանը իրան կրակեց, բայց տեսա, որ Արմանի կողքը մարդ չկար կանգնած: Այդպիսի ցուցմունք ա գրել ոմն քննիչ Դերենիկ Իգիթյանը, որի տակ ստորագրել ա զինվորը: Էսօր նույն զինվորն ինձ ասում ա՝ եթե դատական նիստերը անցկացվեն Ղարաբաղում, մենք չենք կարող ճիշտ ցուցմունք տալ, քանի որ մեզ սպառնացել են. եթե մենք ճիշտ ցուցմունք տանք, մեզ Ղարաբաղում կսպանեն: Մի քանի նիստ ա եղել դեռ, միջնորդել եմ, որ դատերը այստեղ անցկացվեն, մերժել ա դատավորը»,- պատմեց հայրը՝ որը եկել էր Կառավարության դիմաց «Քսան ամիս դու ծառայեցիր, բոլոր դժվարությունները հաղթահարեցիր, ազգի թշնամիները վճռեցին, որ ջահել կյանքդ խլեն քեզանից» գրությամբ պաստառով:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 20-ամյա Արման Մուրադյանի մահվան փաստով մեղադրանք է առաջադրվել գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, մայոր, 41-ամյա Էմիլ Զավենի Ավետիսյանին: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել է 358.1. պրիմ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը, որը կատարվել է 2 կամ ավելի անձանց նկատմամբ, 358   պրիմ հոդվածի 2-րդ մասով` զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծելը կամ նրա նկատմամբ բռնություն գործադրելը, եւ 375 հոդվածի 1-ին մասով` իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը: