Հունիսի 25-ի առավոտյան գոմաղբ են դրել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի տան առջեւ, որն ակտիվիստը ի նշան բողոքի մինչեւ հիմա չի մաքրել:
«Ես մինչեւ հիմա դա չեմ մաքրել, սպասում եմ` ովքեր որ դրել են, գան, վերցնեն այդ գոմաղբը: Դա ուղղակի հաջորդեց նրան, որ ես Սերժ Սարգսյանի տան դիմաց ցույց արեցի։ Ասեմ, որ դա առաջին անգամը չի. Վովա Գասպարյանի տան դիմաց ցույց անելուց հետո էլ են գոմաղբ դրել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գասպարին:
Գասպարին ասաց, որ նման ճնշումները իր վրա չեն կարող ազդեցություն գործել, եւ ինքը շարունակելու է անցկացնել իր բողոքի ակցիաները՝ պահանջելով Մարտի 1-ին եւ բանակում կատարված սպանությունների բացահայտում։
«Քանի դեռ կան այդ սպանվածների մայրերը, ոչինչ, թող իմ կինն էլ այդ գոմաղբի վրայով թռնելով անցնի, դա էլ թող լինի իր տույժի բաժինը անարդարության դեմ պայքարում»,- ասաց Վարդգես Գասպարին:












