Պահեստազորի գնդապետ, Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավոր Լեւոն Ավետիսյանին պետք է հեռացնեն աշխատանքից, քանի որ դատական նիստերին նա լկտի վերաբերմունք է ցույց տալիս ազատամարտիկների հանդեպ: Այս մասին այսօր՝ հունիս 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասացին «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության անդամները, որոնք այսօր նման պահանջով նամակներ են ուղարկել Արդարադատության նախարարին եւ Սերժ Սարգսյանին:

«Ազատամարտիկների հանդեպ շատ լկտի պահելաձեւ ունի, նա ամեն կերպ աշխատում ա այնպես անել, որ մեզ համբերությունից հանի, որ մենք ինչ-որ անշնորքություն անենք, եւ դրանով ինքը կոզրներ հավաքի: Մենք ուզում ենք, որպեսզի իրենց ընդհանրապես հեռացնեն աշխատանքից, քանի որ նա օրենսդրության բոլոր կետերը խախտելով, աշխատում ա Վոլոդյա Ավետիսյանին պարզապես բանտում պահի»,- ասաց Արտաշես Ահարոնյանը:

Ահարոնյանը պատմեց, որ Վոլոդյա Ավետիսյանի գործով  նախորդ դատական նիստին դատավոր Ավետիսյանը վիրավորել է ազատամարտիկներին:

«Մեղադրողը նախորդ դատական նիստին շատ անպատրաստ էր, անընդհատ կմկմում էր, հեռախոսի ինչ-որ խոսակցություններ էր կարդում, բայց Վոլոդյան նման արտահայտություններ չունի, որ մեկ էլ հեռախոսով նման բաներ ասեր: Ու էնքան կմկմաց, որ տղաներից մեկը՝ Յուրա Աթոյանը, քմծիծաղ տվեց, դատավորը միանգամից պահը օգտագործեց, ասեց՝ էդ ով էր, ու առանց պատասխանի սպասելու ասեց՝ հերիք ա կնոջ փեշի տակ պախկվեք: Մարդը, որը իրա կյանքի ընթացքում դատավորի մազերի չափ թուրք ա սպանել, երբեք կնոջ փեշի տակ չի պախկվի:  Էդ դատավորը ինքն ա սկզբից իրա կնոջ փեշի տակ թաքնվել, հիմա էլ Սերժի փեշի տակ ա պախկվում տականքը»,- ասաց Արտաշես Ահարոնյանը:

Ազատամարտիկների կարծիքով, դատավորի այդ խոսքերը վիրավորանք էր՝ ուղղված բոլոր ազատամարտիկներին.

«Ինքը ազգի դավաճան ա, իրան պետք ա գնդակահարել, անկեղծ ասած, դրա համար մենք իրան գործից ազատելու պահանջով նամակներ ենք տարել Արդարադատության նախարարություն, Բաղրամյան 26»:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրի Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: