ՀՀ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը չի ցանկանում գնահատական տալ հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Սարյան փողոցում բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների գործելաոճին. սպասում է հետաքննության արդյունքներին: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, կառավարության նիստից հետո NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Անդրեասյանը:
ՄԻՊ-ը դիտել է միջադեպի տեսագրությունը, դատապարտելի արարք տեսել եւ քաղաքացիների, եւ ոստիկանների կողմից:
«Ինքս իմ աչքով երկու դեպք եմ տեսել, երբ ոստիկանը վնասազերծված քաղաքացուն ուղղակի ծեծում էր, եւ երկրորդ դեպքը՝ տեսել եմ՝ ինչպես էր քաղաքացին մոտենում եւ հետեւից հարվածում ոստիկաններին, որոնք իրենց ոչ մատով էին կպնում, ոչ որեւէ բան էին ասում, խփում եւ փախնում էին: Երկու դեպքն էլ տեսել եմ, երկու դեպքն էլ ինձ համար դատապարտելի է, բայց կոնկրետ գնահատականներ կտամ, երբ կլինի հետաքննությունը: Էպիզոդներին առանց հետաքննության գնահատական տալն օրենքի խախտում է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Օմբուդսմենը:
Կարեն Անդրեասյանը նաեւ հրաժարվեց գնահատական տալ վերջին շրջանում ոստիկանների աշխատանքին.
«Ոստիկանության աշխատանքին ընդհանուր գնահատական տալն ուղղակի կլիներ անմիտ: Ոստիկանությունը մի հսկա մարմին է, Կառավարության դիմաց կանգնած ոստիկանները ճիշտ են կատարում իրենց աշխատանքը, իսկ մի տեղ, որ հիմա ոստիկանը ապտակում կամ ծեծում է մի քաղաքացու, դա հաստատ սխալ է կատարում: Մեր խնդիրն է բռնացնել վատ, սխալ աշխատող ոստիկաններին եւ դրա վերաբերյալ տալ հստակ գնահատական»:
NEWS.am-ի այն դիտարկմանը, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ կազմակերպված ակցիայից տուժել են նաեւ լրագրողներ, Անդրեասյանը ասաց. «Լրագրողներին նախ պետք է խորհուրդ տամ, որ իրենք էլ զգույշ լինեն, որովհետեւ այդպիսի իրավիճակներում լրագրող լինելը չի պաշտպանի ցանկացած ոտնձգությունից: Միեւնույն ժամանակ, հատկապես լրագրողների դեպքում, մենք բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ ոստիկանությունը պետք է շատ ուշադիր լինի, նրանց անվտանգության, նրանց ֆիզիկական անձեռնմխելիության, նրանց տեսախցիկների անձեռնմխելիության հետ կապված»:
Նշենք, որ մայիսի 23-ին Սարյան փողոցում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան ուժով ցրելու ժամանակ առաջացած հրմշտոցում ընկել եւ վնասվել է նաեւ NEWS.am-ի լրագրող Գայանե Ալեքսանյանը։











