Ես Լեռնային Ղարաբաղում էի, երբ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց տվեց, սակայն ինձ տեղեկացրին, որ համապատասխան մասնագետները նրան պատասխանել են: Այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Ես Ղարաբաղում եմ եղել, երբ նա հարցազրույց է տվել: Նրան արձագանքել են մասնագետները ըստ ոլորտների: Կարծում եմ լավ էլ պատասխանել էին: Ամեն դեպքում, ցանկացած ողջամիտ հարցի, մենք որպես կառավարություն, պատրաստ ենք արձագանքել: Ես դեռ չեմ ծանոթացել երկու կողմերի արձագանքներին: Կհամադրեմ դրանք եւ եթե կարիք լինի, անպայման կարձագանքեմ»,-ընդգծել է Հովիկ Աբրահամյանը:

Դիտարկմանը, թե խոսում են այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է մեծ քաղաքականություն, ՀՀ վարչապետը պատասխանել է. «Իր գործն է, ուրախ ենք յուրաքանչյուր անձի ակտիվ քաղաքականություն մտնելուն, եթե դա նպաստում է մեր երկրին: Բայց ինչո՞ւ եք զարմանում, որ ես նման բան եմ ասում: Այս երկրում այդքան խնդիրներ կան, իսկ դուք իմ ու Ռոբերտ Քոչարյանի հարաբերություններն եք ճշտում»: