Դանակի 21 հարվածով կնոջը սպանած Վոլոդյա Մուրադյանի գործով դատական հերթական նիստին ամբաստանյալի նոր փաստաբանն  այսօր՝ հունիսի 26-ին,  միջնորդություն ներկայացրեց՝ չեղյալ հայտարարել իր պաշտպանյալի դեմ ներկայացված մեղադրանքը փոխելու նախկին դատախազի որոշումը։ Նշենք, որ նախկին դատախազի որոշմամբ Վոլոդյա Մուրադյանի դեմ մեղադրանքը խստացվել էր՝ ՀՀ ՔՕ 104-րդ 1-ին մասը փոխարինվել էր 2-րդ մասի 5-րդ կետով, ինչը նախատեսում է մինչեւ ցմահ ազատազրկում։

«Այդ որոշումը անհիմն էր, քանի որ մի քանի վկաներ դատարանում ասել են, որ իմ պաշտպանյալը շատ հոգատար ամուսին է եղել և լավ է վերաբերվել իր կնոջը: Սպանության պահին իմ պաշտպանյալը նպատակ չի ունեցել Դիանա Նահապետյանի երեխաներին տառապանք պատճառել»,- նշեց մեղադրյալի նոր փաստաբան :

Փաստաբանի խոսքով՝ Վոլոդյա Մուրադյանն այդ պահին գտնվել է հոգեկան ծանր վիճակում և չի գիտակցել, թե ինչ է արել:

Դիանա Նահապետյանի իրավահաջորդի փաստաբան Արամ Մանուկյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իր կարծիքով՝ դատարանը հիմքեր չունի մեղադրյալի փաստաբանի միջնորդությունը բավարարելու համար:

«Սպանված Դիանա Նահապետյանի նախկին ամուսինը դատարանում հայտարարեց, որ ամբողջ գյուղը գիտեր կնոջ անբարոյական լինելու մասին: Այդ հանգամանքը նախաքննության ընթացքում չի արծածվել, և միայն պարզ դարձավ դատական նիստերի ժամանակ: Եթե ամբաստանյալն ի սկզբանե գիտեր, որ իր կինը ման եկող է, ապա ինչ հուզմունքի պահ կարող է լինել այնտեղ, հինգ-վեց տարի՝ դու գիտես, թե քո կինը ով է եղել, և հանկարծ հուզմունքի պահ է լինում և դանակով, վազայով, փայտով, քարով սպանում ես այդ աղջկան: Հենց միայն այդ մասով սխալ է նոր պաշտպանի միջնորդությունը դատախազի որոշումը՝ մեղադրանքը վերաորակելու և փոխելու վերաբերյալ»,- ասաց Արամ Մանուկյանը:

Սպանված Դիանա Նահապետյանի մայրը՝ Վալյա Նահապետյանը, NEWS.am-ին ասաց, որ մեղադրանքը փոխելու վերաբերյալ համամիտ է իր փաստաբանի կարծիքի հետ, և համոզված է, որ ամբաստանյալը հստակ գիտակցել է, թե ինչ է արել:

«Նա մարդ է սպանում երեխաների աչքի առաջ, երբ երեխան ասել է՝ մեզ էլ կսպանես, ինքը ասել է, չէ, Ափո ջան, դու գնա քնի: Հոգեկան ծանր վիճակում գտնվողը նման բան կասի՞, ուղղակի դանակով մի հատ էլ երեխուն կխփի, բայց նա հասկացել է, որ կծանրացնի իր մեղքը: Այդ դեպքից առաջ էլ մեքենան է փչացրել՝ ասելով` «դու ոչինչ չպետք է ստանաս, մի օր կծեփրտեմ պատին քեզ»: Ես իմ աղջկան զգուշացնում էի՝ եթե ասեց, կանի ու վերջը մարդը արեց իրա ասածը: Եթե աղջկաս սպանել է, ուրեմն պետք ա պատասխան տա, ինչ հոդվածով  դատախազը պահանջել է, դրանով էլ պետք է դատվի, թող հանկարծ օյիններ չխաղան դատարանում»,-ասաց Վալյա Նահապետյանը:

Նշենք, որ դատական նիստը հետաձգվեց, քանի որ նոր դատախազ Հայկազ Նիկողոսյանը ժամանակ խնդրեց դատական գործի նյութերին ծանոթանալու համար:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի  8-ին:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. ապրիլի 12-ին Արարատ քաղաքի իրենց բնակարանի հյուրասենյակում ամուսնական անհավատարմության հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել կնոջ՝ Դիաննա Նահապետյանի հետ, որի ընթացքում կյանքից զրկելու նպատակով ապակյա ծաղկամանով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, այնուհետև Դիաննա Նահապետյանի մազերից քաշելով տարել է խոհանոցի մուտքի մոտ, որտեղ խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով գլխի ձախ կողմնային, ծոծրակային շրջանների սալջարդ վերքեր, ճակատի արյունազեղումներ, դեմքի, պարանոցի, իրանի աջ վերին վերջույթի բազմաթիվ կտրած ծակած, թափանցող և չթափանցող վերքեր, զույգ թոքերի և լյարդի վնասվածքներ, ներքին և արտաքին արյունահոսություն։ Դիաննա Նահապետյանը տեղում մահացել է։ Այս տեսարանին ներկա են եղել Դիաննայի 14-ամյա և 17-ամյա դուստրերը, ովքեր դուրս գալով փողոց՝ փորձել են օգնություն խնդրել հարևաններից, բայց ոչ ոք չի արձագանքել։