Գյումրիում ազգությամբ քուրդ Էվիլիա Գյուլիշթեքինի սպանությունից հետո նրա երկու անչափահաս երեխաները՝ Սալին եւ Սոնան, արդեն երկու ամիս է՝ ապրում են «Թռչունյան տուն» գիշերօթիկ մանկատանը: Գիշերօթիկի տնօրեն Սոնա Սիմոնյանը երեխաներին երկու օրով թույլ էր տվել գնալ իրենց տուն, մորաքրոջ մոտ, երբ նրանց այցելեց NEWS.am-ի նկարահանող խումբը։
6-ամյա Սալին հիվանդ էր եւ ուներ բարձր ջերմություն։ Քույրը՝ Սոնան, պատմեց, որ եղբայրը դեռեւս մանկատանն է հիվանդացել։ Մորաքույրը՝ Բասե Շարոյանն էլ ասաց, որ երեխաներին տուն բերելիս իրեն ոչ ոք չի զգուշացրել, որ տղան նախօրեին ջերմել է։
«Ո՞վ ա տերը էնտեղ որ, անտերանոց է , թող նիստ անեն, իմ երեխեքին տան ինձ։ Սոնայի վրա էլ դուրս տվածի նման ցաներ կան, էս էլ իրանց ապահովությունը»,- դժգոհեց Բասե Շարոյանը:
Սալիին ստիպված տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվեց սուր ինֆեկցիոն հիվանդություն:
Մանկատան տնօրեն Սոնա Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տղան մի քանի օր առաջ ջերմել է, գիշերօթիկի բուժքույրը հետազոտել ու դեղեր է նշանակել, սակայն տնօրենն ասում է՝ Սալիի մոտ առողջական լուրջ խնդիր չի նկատվել:
«Մեր բուժքույրը եկավ, նայեց, կոկորդին, ոչինչ չկար, դեղեր էին պետք, ես գնացի դեղատուն, առա, իսկ առավոտյան էլ ջերմություն չուներ»,- վստահեցրեց Սոնա Սիմոնյանը:
Փոքրիկ Սոնայի մարմնի ցանն արդեն երկու ամիս է՝ տարածվել է, աղջիկն ասում է՝ դրանք օր-օրի մեծանում են, տնօրենն էլ տեսել է։
«Ասում էին, որ հիվանդանոց են տանելու, որ պարզվի՝ ինչ վերքեր են, բայց մինչեւ հիմա չեն տարել, շատ քոր կգա ու մեկ-մեկ կցավա»,- պատմեց 8-ամյա Սոնան:
Տնօրեն Սոնա Սիմոնյանը, սակայն, հակառակն է պնդում: Նրա խոսքով՝ օրեր առաջ ծնողազուրկ երեխաների մոտ ինչ-որ բարեկամ է այցելության եկել, որն ասել է, թե երեխան ալերգիկ է: Թե ով է եղել բարեկամը, Սոնա Սիմոնյանն այդպես էլ չկարողացավ ասել։
«Ես չգիտեմ, թե ինչ բարեկամ էր, անունը չասեց, բայց ասեց, որ նրա մոտ ալերգիա է, եւ հետո երբ եկավ, այդ ժամանակվանից էլ կային այդ վերքերը, մենք զննել եք, ես էլ պիտի տանեի հիվանդանոց»,- ասաց տնօրենը։
Երեխաների մորաքույրը՝ Բասե Շարոյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ թեեւ իրեն գրեթե թույլ չեն տալիս հանդիպել ու երբեմն տուն բերել քրոջ երեխաներին, այնուամենայնիվ, իր հազվադեպ այցելությունների ժամանակ Սալեին մանկատան մյուս սաների հետ ջրերի մեջ խաղալիս է տեսել:
Երեխայի հորական բարեկամները, որոնք բնակվում են Թուրքիայում, եւ, հիշեցնենք, մտադիր են որդեգրել երեխաներին, ըստ Բասե Շարոյանի, այս ընթացքում ոչ մի անգամ երեխաներին չեն այցելել։ Ում խնամակալությանը կհանձնեն երեխաներին՝ մորաքրոջը, թե հորաքրոջը, կորոշի Գյումրու քաղաքապետարանին կից խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը։
Հիշեցնենք, որ Մաքսիմ Բաքոյանի մորը՝ Մայա Բաքոյանին, մեկ տարի առաջ Թուրքիայում սպանել էր ամուսնու՝ Էվիլիա Գյուլիշթեքինի եղբայրը՝ կնոջ 4 տարեկան որդու աչքի առջև հրազենային մահացու վնասվածք հասցնելով հարսին: Մարտի 15-ին Մաքսիմը, որը մինչեւ այդ Գերմանիայում էր ապրում, վերադարձել էր Գյումրի և իր երկու հարազատ քույրերի, խորթ հոր եւ նրա 2 զավակների հետ ապրում էր Գյումրիում: Մարտի 15-ին նա դանակահարելով սպանել էր խորթ հորը։ Սպանությանն ականատես էր եղել Մաքսիմի մորաքույրը, որը NEWS.am-ին պատմել էր, որ Մաքսիմը դանակը մտցրել է խորթ հոր սիրտը, երբ վերջինն ասել է, որ Թուրքիա է գնալու՝ նրա մոր արյան փողը վերցնելու: «Մաքսիմն էլ՝ թե ոնց, դու մամայիս փողով ե՞ս սպանել, դու հասկանում ե՞ս՝ ինչ ես խոսում»,- ըստ Մաքսիմի մորաքրոջ, ասել էր տղան, վիճել խորթ հոր հետ ու դանակահարել նրան։ 23-ամյա Մաքսիմ Բաքոյանը կալանավորված է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 104 հոդված 1-ին մասի հատկանիշներով:











