Նոյեմբերի 5-ի գործով դատական հերթական նիստն այսօր՝ հունիսի 27-ին, ընդմիջվեց սկանդալով։ Երբ ամբաստանյալներին բերեցին նիստերի դահլիճ, ամբաստանյալ Շանթ Հարությունյանը նույն գործով անցնող անչափահաս որդուն՝ Շահեն Հարություննյանին, որը սովորաբար նստում է հոր կողքին, նստեցրեց իր գիրկն ու սկսեց համբուրել։
Դատական կարգադրիչներն ու ոստիկաններն ասացին, որ Շահենը պետք է նստի նրա կողքին, սկսվեց վիճաբանություն եւ քաշքշուկ։
Ոստիկանների դիտարկմանը, թե իրենք օրենքի պահանջն են փոխանցում, Շանթ Հարությունյանը պատասխանեց. «Թքել եմ ձեր օրենքի վրա։ Դուք սիրտ չունեք»։
Քաշքշուկի ժամանակ Շահեն Հարությունյանի գլուխը դիպչեց պատին, նրա մայրը՝ տիկին Ռուզաննան արտասվում էր։
Շանթ Հարությունյանին հեռացրին դահլիճից, ամբաստանյալներից մի քանիսը, ի նշան բողոքի, կանգնեցին նստարաններին։
Նշենք, որ մթնոլորտը դատական նիստերի դահլիճում խիստ լարված է։ Ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանի կնոջը՝ Շողեր Հարությունյանին, կարգադրիչները թույլ չեն տալիս մտնել դատարանի դահլիճ, քանի որ նա թույլ չի տալիս խուզարկել իր պայուսակը։ Շողեր Հարություննյանը, սակայն, չի հանդարտվում, նա խիստ նյարդային վիճակում է, անընդհատ հարվածում է դահլիճի դռներին, որ թույլ տան մտնել դահլիճ։
Ինչպես նախորդ դատական նիստերին, այս անգամ էլ անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել դատարանում։
Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):











