Եվրամիությունը բացում է դռները կազմակերպության ապագա անդամների առաջ, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն Բրյուսելում հունիսի 27-ին ԵՄ-ի եւ Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի միջեւ Ասոցացման համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ:

 «Սա շատ կարեւոր օր է Եվրոպայի եւ այս երեք երկրների համար: Սա ԵՄ-ին սերտանալու քաղաքական ցանկության եւ առաջընթացի արդյունք է: Մեր գործընկերները հնարավորություն կունենան բարելավել օրենսդրությունը, բարձրացնել օրենքի գերակայությունը, ավելի սերտ համագործակցություն հաստատել եվրոպական երկրների հետ: Ազատ առեւտրի գոտին կնպաստի այս երեք երկրների զարգացմանը»,- հայտարարել է Բարոզուն:

Ըստ նրա՝ Ասոցացման համաձայնագիրը կնպաստի ԵՄ-ի հետ Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի ինտեգրման արագացմանը:

 «Մենք առանձնահատուկ համագործակցություն չենք փնտրում այս երեք գործընկերների հետ: Մենք բացում ենք դռները մեր  ապագա անդամների առաջ», - ընդգծել է Բարոզուն: