«Հայտարարում եմ, որ կա մի հատ «ԿԳԲ-ի բոզ», որ ամեն անգամ ինձ դատարան բերելիս ներքեւում ասում է՝ խոստանում եմ քեզ մի հոդված կավելացնեմ»։ Նման հատարարությամբ այսօր՝ հունիսի 27-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հանդես եկավ ամբաստանյալ Շանթ Հարությունյանը

«Ես պահանջում եմ՝ ներկայանա, իմանամ՝ ինքը ով ա, չի ներկայանում։ Չգիտեմ, թե ով ա, բայց ամեն անգամ ասում ա՝ քեզ հոդված կավելացնեմ, ինքը ԿԳԲ-ի բոզ ա։ Իմ վրա քանի հոդված էլ լինի, մեկ ա, երեք լինի, չորս լինի, ինձ համար մեկ ա»,-ասաց Շանթ Հարությունյանը։

Այս արտահայտությունը դուր չեկավ դատավորին, եւ նա նախազգուշական սանկցիա կիրառեց՝ ասելով, որ մյուս անգամ կհեռացնի դատարանի դահլիճից։

Ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանի փաստաբան Արա Զաքարյանը միջնորդություն ներկայացրեց, որ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխեն եւ ազատ արձակեն։

«Իմ խորին համոզմամբ՝ իշխանության վարած քաղաքականության դեմ անցկացրած ակցիայի ժամանակ երբ տեղի է ունենում միջադեպ, դա ոչ մի դեպքում չի կարող լինել խուլիգանություն։ Գործում չկան այնպիսի ապացույցներ, ըստ որոնց, իմ պաշտպանյալը կարող է խոչընդոտել գործի քննությունը։ Եթե ազատ չեք արձակելու, ապա պահանջում ենք որպեսզի պետական բյուջեից գումար հատկացնեք նրա երեք անչափահասներին պահելու համար, քանի որ նրանք կորցրել են իրենց կերակրողին»,- ասաց փաստաբան Արա Զաքարյանը։

Փաստաբանի այս հայտարարությունը կրկին բարկացրեց Շանթ Հարությունյանին.

«Ես չեմ հասկանում՝ Արա Զաքարյանի՞ն եք դատում, թե Շանթին ու ընկերներին։ Քանի դատարանը դեռ չի լսել Շանթ Հարությունյանին եւ ընկերներին, ինչո՞ւ են խոսում փաստաբանները»։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ փաստաբանի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am