Շանթ Հարությունյանի կարծիքով՝ եթե Հայաստանում չլինեն «ռուսական ԿԳԲ-ի աշխատակիցներ», իրեն ազատ կարձակեն։ Այս մասին «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդն ասաց այսօր՝ հունիսի 27-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ շարունակվում է Նոյեմբերի 5-ի գործով դատավարությունը։

«Ինձ թվում ա՝ եթե ռուսական ԿԳԲ-ի աշխատակիցներին լարենք մեր երկրից, իմ խափանման միջոցը կփոխեք։ Հայաստանում Ռուսական ԿԳԲ-ն ԱԱԾ-ին հրահանգել է ոչնչացնել նրանց, ովքեր ուզում են ազատության համար պայքարել։ Երբ ռուս դեսպանը հայտարարում է ՀԿ-ները չեզոքացնելու մասին, այնպես, ինչպես ստալինյան ռեժիմի ժամանակ էր, ոչ մեկ դրան չի արձագանքում։ Իմ քաղաքական պայքարը շարունակվում ա, կապ չունի՝ հրապարակում թե բանտում»,- ասաց նա։

Շանթ Հարությունյանն անդրադարձավ նաեւ նախորդ նիստին արած իր հայտարարությանը՝ Հայաստանում գործող թուրք-ադրբեջանական գործակալական կառույցի մասին։

«Երբ ես նախորդ դատական նիստին հայտարարեցի, որ Հայաստանում թուրք-ադրբեջանական գործակալական կառույց է գործում, որի ղեկավարներն ԱԱԾ գեներալներ են, դրանից հետո ԱԱԾ լրատվական բաժինը կեղծ հաղորդագրություն տարածեց այն մասին, թե իբր Հայաստանի չեկիստները կեղծ կապի մեջ են մտել Ադրբեջանի ԿԳԲ-ի հետ, չակերտավոր ասած՝ հզոր հետախույզների հետ, եւ դեզինֆորմացիա են փոխանցել Ադրբեջանին։ Դա արեցին, որ ասեն, որ դա կեղծ կառույց է եւ իբր Հայաստանում գործող թուրք-ադրբեջանական ցանցն աշխատում է ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի օգտին։ Եթե իսկապես կեղծ է եւ ստեղծվել է Հայաստանի շահերի օգտին, ապա այդ դեպքում նման բան չէին հայտարարի։ Հաղորդագրության նպատակն էր ադրբեջանական ցանցին զգուշացնել, որ զգույշ գործեն»,- հայտարարեց Շանթ Հարությունյանը։

Նշենք, որ դատավորը Մնացական Մարտիրոսյանը մերժեց ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանի խափանման միջոց կալանքը փոխելու փաստաբան Արա Զաքարյանի ներկայացրած միջնորդությունը։ Դատական նիստը շարունակվում է։

Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am