Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունիսի 27-ին, Նոյեմբերի 5-ի գործով ամբաստանյալ Շանթ Հարությունյանն իր դեմ առաջադրված մեղադրանքը լսելուց հետո իր դիրքորոշումը հայտնեց՝ մի պատմություն հիշելով։

«Ստեփան Զատիկյանը, Շահեն Հարությունյանը եւ եւս մի քանի հոգի միասին հիմնում են «Փարոս» ընդդիմադիր թերթը, նրանց դրա համար դատեցին, եւ դատավորը դատարանում  հարցնում է՝  ինչո՞ւ եք հենց առաջին համարը գցել ԿԳԲ-ի փոստարկղը, եթե էդտեղ չգցեիք, կարողա կարողանայիք մի քանի համար տպագրել, իրենք էլ ասում են՝ պետք է բոմբ գցեինք այդտեղ։ Հիմա ես էլ պետք է հենց Բաղրամյանում՝ նախագահականի մոտ դրանց տփեի»,- ասաց Շանթ Հարությունյանը։

Ամբաստանյալները հերթով պատասխանում են՝ իրենց մեղավոր ճանաչելու վերաբերյալ դատավորի հարցին։

Ամբաստանյալ Հայկ Հարությունյանը ասաց. «Ինձ դուք կարող եք դատապարտել միայն սրտացավ քաղաքացի լինելու համար»։

«Մեղավոր չեմ, ես կատարել եմ պատժիչ գործողություն իմ երկրի թշնամիների դեմ»,- ասաց  Լիպարիտ  Պետրոսյանը։

Ամբաստանյալ Սեւակ Հովհաննիսյանն էլ հայտարարեց. «Մենք խուլիգանությունից այնքան հեռու ենք, ինչքան մեր իշխանությունները պետական մտածողությունից»։

Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am