2002թ. մինչեւ այսօր Կառավարության տարբեր որոշումներով 4 անգամ գերակա շահ ճանաչված Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 շենքերի բնակիչները պատրաստ են ամեն տեսակի անհնազանդության, բայց մտադիր չեն լքել շենքերը, որտեղ տասնյակ տարիներ է՝ ապրում են: «Միավորվենք, փրկենք մեր երեխաների բակը բռնազավթումից», «գերակա շահ չի նշանակում թալան», «SOS» գրությամբ պաստառներով շենքերի մի քանի տասնյակ բնակիչներ այսօր՝ հունիսի 27-ին, հավաքվել էին Տերյան 25 հասցեում՝ իրենց բաց նամակը հղելու պատկան մարմիններին:

«Մենք մեզ հարգում ենք, մենք այլեւս ոչ ոքի նամակ չենք գրելու, որովհետև դա համարում ենք անիմաստ: 7 տարի մենք տարբեր ատյանների նամակներ ենք գրել, սակայն անիմաստ: Քաղաքապետարանի՝ բացառիկ գերակա շահի առկայությանը վերաբերող հիմնավորման մեջ չկա մի դրույթ, որը վերաբերի մեր շենքերին:  Մեր շենքերը խարխուլ չեն, ավտոկայանտեղի մեր շենքերի կողքին գոյություն չունի: Փողոցները մեր շենքերի հաշվին լայնացնել հնարավոր չի և անիմաստ է: Մենք չենք գնալու մեր շենքից ոչ մի տեղ:  Աֆրիկյանների շենքի պատմությունը չի կրկնվելու»,- հայտարարեց բնակիչներից Վարդան Գերավետյանը:

Կառավարության որոշմամբ առաջին անգամ շենքերը իրացման գոտու ոլորտ են ներգրավվել 2002թ.: Որոշումն անվավեր է ճանաչել  Սահմանադրական դատարանը: 2007 թ. շենքերը ճանաչվել են բացառիկ գերակա շահ, իրացումը հանձնարարվել է «Լոկալ դիվելոփրզ» ՍՊԸ-ին, որի հիմնադիրը գործարար Սամվել Մայրապետյանն է: Բնակիչները հրաժարվել են ընկերության հետ պայմանգրեր կնքել և բնակարաններից դուրս չեն եկել: Միեւնույն ժամանակ, նրանք դիմել են դատական ատյաններին, սակայն նրանց հայցը մերժվել է: 2009թ. կառավարությունը նոր որոշում է ընդունել՝ շենքի իրացման վերջնաժամկետը սահմանել 2011թ.:  Բնակիչներն այս անգամ էլ հրաժարվել են պայմանգրեր կնքել կառուցապատողների հետ: 2013թ. շենքերն արդեն 4-րդ անգամ ներգրավվել են իրացման գործընթացի մեջ, վերջնաժամկետը սահմանվել է 2015թ.:

Բնակիչների խոսքով՝ ընկերությունն իրենց բնակարանների համար շատ ավելի ցածր գին է առաջարկում, քան նրանք իրականում արժեն, առաջարկում է տեղափոխվել Պուշկինի 38 հասցեում նորակառույց շենքը, որը, իբր, իրենց խնդրանքով է կառուցվում:

«Քաղաքապետը հայտարարել է, որ մեր խնդրանքով է կառուցվել: Հայտարարում եմ, որ դա կեղծիք է ու սուտ: Եթե պարոն Մարգարյանը ունի պատիվ, թող պատիվ պահանջի ինձանից ու մեր բնակիչներից»,- հայտարարեց Վարդան Գերավետյանը:

Շենքը, բնակիչների խոսքով, ոչ միայն իրենց խնդրանքով չի կառուցվել, այլեւ իրենք կտրականապես դեմ են եղել դրա կառուցմանը: Նրանց խոսքով՝ այդ շենքի պատճառով տուժել է իրենց շենքերի բակում գտնվող կանաչ տարածքը, իրենց երեխաներն այժմ խաղահրապարակ չունեն:

«Նորմալ մարդը չի գնա ապրի այնտեղ: Դա անմարդաբնակ, անկենդան շենք է: Ինքը չի շնչում: Կառուցված է մարդանմանների համար»,-վրդովված ասաց բնակիչներից Կարեն Փիլոյանը:

Բնակիչները նշում են, որ իրենց չեն տեղեկացրել, թե իրենց շենքերը հետագայում ինչ նպատակի են ծառայելու։

«Առաջին երկու հարկին տիրելն է իրենց նպատակը, որ վարձով տան, նստեն թախտին ու գումարները ստանան: Էն որ լափել են, քիչ է, հիմա էլ դա են ուզում անել»,-ասաց Վարդան Գերավետյանը՝ նշելով, որ իրենք հատուկ չեն լքելու բնակարանները, մինչեւ իրենց ուզածին հասնեն: Նա ոստիկաններին կոչ արեց չփորձել բռնություն գործադրել որեւէ բնակչի նկատմամբ եւ ուժով դուրս բերել նրանց. «Մենք շատ մեծ հարգանքով ենք վերաբերվում ոստիկանությանը, բայց եթե որևէ ոստիկան երբեւէ բռնություն գործադրի մեր բնակիչներից որեւէ մեկի հանդեպ, ստանալու է համարժեք պատասխան: Եթե ֆիզիկական վնաս տան, ուրեմն կվնասվեն նրանք: Եթե արյուն թափվի, արյուն կթափվի հակառակ կողմից»:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am