Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` 27-ամյա Կարեն Եսայանի սպանության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Հարություն Սարգսյանն այսօր` հունիսի 27-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց, որ ինքը չի ճանաչել Վարդան Ղուկասյանի դստերը, չի սպանել Կարեն Եսայանին եւ ընդհանրապես կապ չունի տվյալ գործի հետ:

«Նորից կրկնում եմ` Ղուկասյան Վարդանի աղջկան չեմ ճանաչում, ընդհանրապես տեսած չկամ, նույնիսկ 100 մետրից, մեկ կիլոմետրից տեսած չկամ: Նորից կրկնում եմ՝ Կարեն Եսայան անունով մարդ չեմ ճանաչել, եւ ինչ վերաբերում է խանդին, մնացած հանգամանքներին, հարգելի դատարան, ձեզ համար էլ է պարզ, որ ես կապ չունեմ այս ամենի հետ: Խնդրում եմ ձեզ` արդար որոշում կայացրեք. եթե ես մեղավոր եմ, խստացրեք պատիժը, ինձ ցմահ տվեք, բայց էս գործի հետ ես ընդհանրապես կապ չունեմ: Գտեք իրական մեղավորին, պատժեք, ձեզանից էլ մեծ ակնկալիքներ ունեմ, որ արդար դատավճիռ կկայացնեք»,-ասաց Հարություն Սարգսյանը, որը, ըստ մեղադրական եզրակացության, խանդի հողի վրա է սպանել Կարեն Եսայանին։

Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը ներկայացրեց վերաքննիչ բողոքը եւ այն փաստական հանգամանքները, որոնք անտեսվել են առաջին ատյանի դատարանի կողմից, եւ արդյունքում կայացվել է «անարդար դատավճիռ»:

Փաստաբանի խոսքով` առաջին ատյանի դատարանը չի ապացուցել, որ հագուստը, որն առգրավվել են Հարություն Սարգսյանի բնակարանից եւ մեքենայից, կրել է իրական մարդասպանը:

«Փաստորեն, Հարություն Սարգսյանը շտապում է, որ գնա իր ալիբին հաստատի, գալիս է տուն, արագ հանում է վերնաշապիկը, դնում լվանալու շորերի հետ, անդրավարտիքը հանում, տանում, դնում է մեքենայի մեջ. էդպիսի բան տրամաբանորեն ո՞նց կարող է տեղի ունենալ: Բացի դրանից, էսքանից հետո կոշիկներն էլ պահում է հագին, հագին էլ չի պահում, ինչ-որ կասկածելի պայմաններում պահում է, որ ոչ մի տեղի հողը չկպնի, «Մայր Հայաստանի»  հողը մնա վրան, որ հետո նախաքննական մարմինը դրա վրա հայտնաբերի այդ հողը, ընդ որում ՝ դատարանը չի հաստատել, որ դա հենց «Մայր Հայաստանի» հողն է (խմբ. սպանությունը տեղի է ունեցել «Մայր Հայաստանում» հուշարձանի տարածքում)»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Փաստաբանը նշեց, որ սպանված Կարեն Եսայանի հայրը` Ռազմիկ Եսայանը, նախաքննության ժամանակ ցուցմունք տալիս նշել է, որ Հարություն Սարգսյանն է իր մեքենայով հետապնդել իրենց, բայց դատարանում նրան տեսնելով, ասաց, որ առաջին անգամ է տեսնում Հարությունին:

«Նշվածից մի բան է ակնհայտ դառնում, որ Կարեն Եսայանին հետեւած մարդիկ մինչեւ օրս բացահայտված չեն: Բացի այդ, Ռազմիկ Եսայանին դատարանում հարցրեցի, թե ինչ համարանիշով մեքենա է հետապնդել, չասաց համարանիշը, բայց ասաց, որ ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանին է համարը ասել, թող ինքն էլ գա ու ասի»,- ասաց փաստաբանը:

Փաստաբանը նաեւ նշեց, որ Հարություն Սարգսյանի հեռախոսազանգերի ալեհավաքների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նա հեռու է գտնվել սպանված Կարեն Եսայանի մեքենայից:

Լուսինե Սահակյանն ասաց, որ անհրաժեշտ է նաեւ հարցաքննության ենթարկել Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակ Ղուկասյանին, եւ պարզել, թե ինչ վեճ  է եղել նրա եւ Կարեն Եսայանի միջեւ, արդյոք ինքը դեմ է եղել նրա եւ քրոջ նշանադրությանը, թե ոչ:

«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Կարեն Եսայանին վերջին անգամ զանգած համարը պատկանել է նախաքննությունն իրականացրած քննիչին, եւ դատարանը մի անգամ չփորձեց պարզել, թե ինչ զրույցներ են դրանք եղել, եւ ինչու է քննիչը խոսել Կարեն Եսայանի հետ»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Նաեւ դատարանում, ըստ փաստաբանի, չի ապացուցվել, որ մետաղացման հետքեր կան Հարություն Սարգսյանի վերնազգեստի վրա. «Դատարանը մետաղացված կապարի հետքեր է հայտնաբերել միայն վերնաշապիկի եւ անդրավարտիքի վրա, ինչը, բնականաբար, կարող էր լինել, որովհետեւ Հարությունը մեքենաների մասերի հետ է աշխատել, այնինչ ինքն այդ օրը կուրտկայով է եղել, իսկ դրա վրա ոչ մի մետաղացման հետք չի հայտնաբերվել, էլ չեմ խոսում արյան մասին, որ տուժողի մեքենան ամբողջապես արյան մեջ է եղել, իսկ սպանողի շորերի վրա ոչ մի արյան հետք չկա, դա ո՞նց կարող էր լիներ»:

Երբ մեղադրողը ներկայացնում էր մեղադրական եզրակացությունը Հարություն Սարգսյանի հայրը` Սամվել Սարգսյանը, դուրս եկավ դատարանի դահլիճից, մորն էլ դատարանը հեռացրեց դատարանի դահլիճից, որը տեղից վիրավորական արտահայտություններ էր անում մեղադրողի հասցեին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2013թ. ապրիլի 12-ին Գյումրիում սպանվել է  այն ժամանակ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն` 27-ամյա Կարեն Եսայանը, որն ապրիլի 13-ին պետք է նշանվեր քաղաքապետի դստեր հետ: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սպանության համար մեղավոր է ճանաչել եւ 15 տարվա ազատազրկման դատապարտել Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդուն՝Հարություն Սարգսյանին։ Ըստ մեղադրական եզրակացության, նա խանդի հողի վրա է կատարել սպանությունը։ Սարգսյանները պնդում են, որ իրենց որդին անմեղ է, իսկ դատավճիռն` անարդարացի: