Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` 27-ամյա Կարեն Եսայանին սպանության մեջ դատապարտված Հարություն Սարգսյանի մորը եւ քրոջը նախաքննության ընթացքում 2 օր պահել են ոստիկանությունում, ստիպել իրենց թելադրած ցուցմունքը գրել, հրաժարվել փաստաբան տրամադրել: Այս մասին այսօր` հունիսի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հարություն Սարգսյանի մայրը` Անահիտ Նիկոլյանը:

«Ինձ ու աղջկաս տարել են ոստիկանություն, երեկոյան ժամը 22:00-ի մոտ, ու մեզ երկու օր պահել են այնտեղ առանց փաստաբանի: Հարցեր են տվել հիմնականում Վարդան Ղուկասյանի ընտանիքի մասին. քանի՞ երեխա ունի, ինչպիսի՞ն են, եւ այլն, եւ այլն: Ես մինչեւ այս չգիտեի, որ ոստիկանությունում այդպիսի հոշոտողներ են աշխատում»,-ասաց Անահիտ Նիկոլյանը։

Նշենք, որ մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ Հարություն Սարգսյանի ընտանիքը խնդրել է Վարդան Ղուկասյանի դստեր ձեռքը, սակայն տիկին Անահիտի խոսքով` նույնիսկ նման խոսակցություն չի եղել:

«Ոստիկաններից մեկն ինձ ասեց, որ տղայիս ծեծված-ջարդված տարել են, ինչից հետո ես ասել եմ` տվեք, ի՞նչ եք ուզում, գրեմ, որ գնամ իմ երեխայիս հետեւից, ինձ էլ ասացին` մինչեւ չգրեք, որ դուք գնացել եք Վարդանենց տուն, դուք դուրս չեք գա, ասի` կգրեմ: Իրականում նման բան չի եղել, մենք Վարդանենց դռան ճանապարհը չգիտենք։ Դա ընդհանրապես քննիչի երեւակայություն է»,-ասաց Անահիտ Նիկոլյանը:

Ամբաստանյալի  մայրն ասաց, որ շատ դժգոհ է առաջին ատյանի դատավարությունից. «Առաջին ատյանի դատարանը պատվեր էր կատարում, անհիմն երկարաձգում էր դատերը, բայց ինչքան երկարացվեց, այնքան ապացուցվեց իմ տղայի անմեղությունը, որից հետո էլ կայացրեց անհիմն վճիռ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2013թ. ապրիլի 12-ին Գյումրիում սպանվել է  այն ժամանակ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն` 27-ամյա Կարեն Եսայանը, որն ապրիլի 13-ին պետք է նշանվեր քաղաքապետի դստեր հետ: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սպանության համար մեղավոր է ճանաչել եւ 15 տարվա ազատազրկման դատապարտել Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդուն՝Հարություն Սարգսյանին։ Ըստ մեղադրական եզրակացության, նա խանդի հողի վրա է կատարել սպանությունը։ Սարգսյանները պնդում են, որ իրենց որդին անմեղ է, իսկ դատավճիռն` անարդարացի: Նրանք առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել են Վերաքննիչ դատարանում։