Արմավիրի մարզի Փարաքար գյուղի մի մասում, բնակիչների խոսքով, ամռան ամիսներին արդեն 10 տարուց ավելի է՝ ջուր չի լինում, լինելու դեպքում էլ՝ պղտոր: Պղտոր ջրի հետեւանքով գյուղում արդեն երկու շաբաթից ավելի է՝ մանկահասակ ու տարեց բնակիչները տառապում են աղեստամոքսային համակարգի խանգարումներով:
«Օրերով ջուր չունեինք: Եղած ժամանակ էլ շատ կամաց էր, պղտոր էր: Ամբողջ փողոցը մեծից փոքր հիվանդացել են: Փսխում են, լուծում, ջերմություն ունեն: Մտածում էինք՝ վիրուս է, բայց հետո, որ տեսանք ջուրը պղտոր է, սանեպիտկայան զանգեցինք, եկան, ջրից նմուշ տարան, ասեցին, որ դեռ խմելու պիտանի չի: Այս եղանակին միշտ էսպես է: Մարդիկ տոննաներով բաքեր ունեն, բասեիններ ունեն, լցնում են, ջուրը բոլորին չի հասնում: Մի խնդրից չես պրծնում, մյուսն է գալիս: Ինչքա՞ն սենց: Չեն կարողանո՞ւմ պահել, գնանք ուրիշ պետություն: Ուր էլ սենց տառապենք, կապրենք»,- NEWS.am-ին բողոքեց բնակչուհիներից Մարինե Ալեքսանյանը:
Գյուղացիների խոսքով՝ ամեն տարի իրենք այս խնդիրն ունենում են, ամեն անգամ ահազանգում են «Երեւան ջուր» ընկերություն, սակայն ոչ մի պատասխան չեն ստանում:
«Բողոքում, բողոքում, շոշը փակում ենք, չգիտենք՝ որտեղից, ջուր ա հայտնվում: Երևի` օդից: Վախենալու ա արդեն»,-ասաց բնակիչներից Գեւորգ Երիկյանը:
Փարաքարի գյուղապետ Սամվել Վարդանյանը NEWS.am-ի հետ զրույցում հերքեց, որ գյուղում ջրի խնդիր կա, նաեւ ասաց, որ իրենց Փարաքարում ջրից ոչ ոք չի հիվանդացել:
«Գյուղում ջրի խնդիր կար մի հատվածում միայն, քանդեցինք՝ խողովակ չկար: Դրա վերանորոգման աշխատանքներն են դեռ ընթանում: «Երեւան ջուր» ընկերության աշխատակիցներն ամեն առավոտ ջուրը տանում են լաբորատորիա, նոր մենք բնակիչներին ասում ենք, որ ոչ մի խնդիր չկա»,-ասաց Սամվել Վարդանյանը:
Նշենք, որ «Երեւան ջուր» ընկերությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի, ընկերությունը երկար որոնումներից հետո պարզել է, որ Ռազմիկ Արշակյան փողոցի թիվ 2 տան՝ ջրամատակարարման բաշխիչ ցանցին միացված սեփական ջրագիծը շարքից դուրս է եկել, ինչն էլ դարձել է ջրի աղտոտման պատճառ։ Ներկայում ջրագիծը խցափակվել է, եւ ջրամատակարարման բաշխիչ ցանցին միանալու համար տանտերը պետք է նոր խողովակաշար կառուցի:
Գյուղացիները, սակայն, վստահեցնում են, որ սա առանձին դեպք չէ, եւ իրենք նման խնդիր ունենում են ամեն տարի ամռանը։











