Գյումրիում ազգությամբ քուրդ Էվիլիա Գյուլիշթեքինի սպանությունից հետո նրա երկու անչափահաս երեխաների խնամակալության հարցը վերջապես լուծվեց: Գյումրու քաղաքապետարանին կից խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը որոշեց երեխաներին հանձնել ոչ թե քուրդ հոր բարեկամներին, այլ ազգությամբ եզդի մոր՝ Մայա Բաքոյանի ավագ քրոջ՝ Նարինե Ուսոյանի որդուն՝ 37-ամյա Թեմուր Ուսոյանին:

Հիշեցնեք, որ երեխաների որդեգրման հարցով հանձնաժողով էին դիմել նաեւ երեխաների՝ Թուրքիայում բնակվող հարազատները՝ հորաքույրն ու հորեղբայրը, որպես Գյուլիշթեքինների իրավահաջորդի ներկայացուցիչ հանդես էր գալիս գյումրեցի փաստաբան Սուսաննա Մխիթարյանը, սակայն նիստին նրանցից ոչ ոք չներկայացավ:

Քննարկումը տեւեց երկու ժամ։ Հանձնաժողովի նախագահ Արտակ Ղազարյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ երեխաների եղբայրը՝ խորթ հորը սպանելուց հետո կալանավորված Մաքսիմ Բաքոյանը՝ քրեակատարողական հիմնարկից դիմում  է ուղարկել հանձնաժողովին ու խնդրել խնամակալությունը հանձնել Թեմուր Ուսոյանին:

«Մաքսիմ Բաքոյանը գրել է, որ խնամակալությունը չտանք մորաքրոջը՝ Բասեին, քանի որ ինքը չի վստահում նրան։ Մենք հաշվի ենք առել, որ եթե բարեկամներն են գտել, որ պետք է չտանք Բասեին, ապա նրանք պետք է մնան մյուս մորաքրոջ որդու մոտ», - ասաց հանձնաժողովի նախագահ Արտակ Ղազարյանը:

Թեմուր Ուսոյանն ապրում է Վրաստանում եւ զբաղվում բիզնեսով: Երեխաների մորաքույրը՝ Բասե Շարոյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ ուրախ է որոշման համար, քանի որ երեխաները մնում են մայրական կողմի հարազատների հետ:

«Ես ուրախ եմ, որ իմ քրոջ երեխաներին չթողեցին, որ տանեն Թուրքիա, ուրախ եմ նաեւ, որ քրոջս տղան է տեր կանգնելու, վստահ եմ՝ երեխաներն ապահով ձեռքերում են լինելու»,-ասաց Բասե Շարոյանը:

Հիշեցնենք, որ Մաքսիմ Բաքոյանի մորը՝ Մայա Բաքոյանին, մեկ տարի առաջ Թուրքիայում սպանել էր ամուսնու՝ Էվիլիա Գյուլիշթեքինի եղբայրը՝ կնոջ 4 տարեկան որդու աչքի առջև հրազենային մահացու վնասվածք հասցնելով հարսին: Մարտի 15-ին Մաքսիմը, որը մինչեւ այդ Գերմանիայում էր ապրում, վերադարձել էր Գյումրի և իր երկու հարազատ քույրերի, խորթ հոր եւ նրա 2 զավակների հետ ապրում էր Գյումրիում: Մարտի 15-ին նա դանակահարելով սպանել էր խորթ հորը։ Սպանությանն ականատես էր եղել Մաքսիմի մորաքույրը, որը NEWS.am-ին պատմել էր, որ Մաքսիմը դանակը մտցրել է խորթ հոր սիրտը, երբ վերջինն ասել է, որ Թուրքիա է գնալու՝ նրա մոր արյան փողը վերցնելու: Մաքսիմը, ըստ մորաքրոջ, խորթ հոր խոսքերից ենթադրել էր, որ նրա պատվերով է եղբայրը սպանել իր մորը եւ որոշել է վրեժ լուծել։ 23-ամյա Մաքսիմ Բաքոյանը կալանավորված է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 104 հոդված 1-ին մասի հատկանիշներով: