Հրազդանցիներ 31-ամյա Մարզպետ Պետրոսյանը, 34-ամյա Կարեն Մարկոսյանն ու երեւանցի 41-ամյա Սերգեյ Պողոսովը մեղադրվում են խմբակային գողություն կատարելու մեջ:
Հունիսի 23-ին հանցախումբը եկել էր Էջմիածին՝ հատուկ գողություն կատարելու նպատակով: Մի քանի ժամ պտտվել էին այն շենքի շուրջ, որտեղից պատրաստվում էին գողություն կատարել: Երբ տղաները համոզվել էին, որ տանը մարդ չկա, երկուսը մնացել էին դրսում տարածքը հսկելու համար, իսկ Մարզպետը բացել էր պատուհանն ու ներս սողոսկել, տունը տակնուվրա արել, սակայն մինչեւ որ բան գողանալը՝ հայտնվել էին ոստիկանները:
Պարզվել էր, որ այդ հանցախմբին ոստիկանությունը հետեւում էր:
Բերման ենթարկվելով ոստիկանության բաժին՝ տղաները ստիպված էին բացատրություն տալ: Ոստիկանները հիմնավոր կասկածներ ունեին, որ համատեղ գողության այլ դեպքեր էլ կային: Կասկածը հիմնավորվեց. Հանցախումբը միասին ավելի քան 10 գողություն էր կատարել Հայաստանի տարբեր քաղաքներում:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Մարզպետ Պետրոսյանը, Սերգեյ Պողոսովն ու Կարեն Մարկոսյանը կալանավորված են: Նախաքննությունը շարունակվում է:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











