Պահեստազորի գնդապետ, խարդախության մեջ մեղադրվող Վոլոդյա Ավետիսյաննն այսօր՝ հունիսի 30-ին, դատարանում հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում եւ չի ցանկանում ցուցմունք տալ։

«Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում, էս ամեն ինչը սարքած է, բազմիցս ինձ զգուշացրել են, որ ինձ ձերբակալելու են բողոքի ակցիաներ կազմակերպելու համար»,-ասաց Վոլոդյա Ավետիսյանը։

Դատավորը հայտարարեց, որ դատաքննությունն ավարտված է, այժմ մեղադրող Վարդան Պապիկյանը կարդում է մեղադրական եզրակացությունը։

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար։