Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման ժամանակ փոխհրաձգության հետեւանքով այս տարվա հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը զոհված 19-ամյա Արմեն Հովհաննիսյանը երկու տարի առաջ այսօր՝ հունիսի 30-ին, դարձել էր 18 տարեկան եւ զորակոչվել բանակ:
«Առավոտյան ժամը 8-ին պետք է արդեն զինկոմիսարիատում լինեինք: Ոտքի վրա ծնունդը շնորհավորեցինք: Չթողեց, որ իր հետ գնայինք հավաքակայան: Չթողեց, որ գնայինք խնդրեինք, որ 2 օր ուշ գնար, ծնունդը նշեինք: Ասում էր՝ շուտ գնամ, որ շուտ գամ: Դրանից որոշ ժամանակ առաջ էլ նշիկներն էինք վիրահատել, խառնվել էր, ասում էր՝ գիտեմ, ես 6 ամսով հետ կընկնեմ, չեմ գնա: Ինքը ձգտում էր, որ ինչքան հնարավոր է՝ շուտ գնար»,-NEWS.am-ի թղթակցին պատմեց Արմենի մայրը՝ Մարինե Հովհաննիսյանը, որն այսօր Արմենին հարազատների, ընկեների հետ այցելել էր «Եռաբլուր» պանթեոն՝ որդու շիրիմին:
Արմեն Հովհաննիսյանի 20-ամյակին այսօր նրա տանը փառքի սենյակ բացվեց: Սենյակում, որտեղ մինչև բանակ զորակոչվելը ապրել էր Արմենը, նրա զինվորական իրերն էին, լուսանկարները, նրա ձեռքով արված քանդակները: Ծնողների համար սենյակում ամենից թանկ իրը, ինչպես նշեց Արմենի մայրը՝ զինվորական կտորի վրա Արմենի ձեռքով գրված բարեմաղթանքն է ծնողներին, որն Արմենն իր հետ բանակից բերել է ծառայության 6-րդ ամսում արձակուրդ գալիս:
Փառքի սենյակում նաեւ Արմենի մանկության իրերն էին, այդ թվում՝ փոքրիկ մեքենաներ, որոնք նվեր էր ստացել իր նախորդ ծնունդներին: Արմենի՝ ամենից սիրելի ծննդյան նվերը, տիկին Մարինեի խոսքով, մինչեւ այսօր էլ պահպանվում է:
«Մանկության տարիներին ինքը տղայական խաղալիքներ է սիրել: 6 տարեկան էր՝ հայրն արտերկրից շքեղ մեքենա նվեր բերեց, մի քանի տարի ինքն այդ մեքենայի մասին էր միայն խոսում: Ուղղակի պաշտում էր այդ մեքենան, շատ խնամքով պահում էր: Մինչեւ հիմա մեքենան պահպանվում է»,-ասաց տիկին Մարինեն՝ նշելով, որ իր ծննդյան տոներն Արմենը սիրել է ընկերների հետ նշել:
Փառքի սենյակի բացման արարողությունից հետո «Զինվորների պաշտպանության կոմիտեի» զոհված տղաների մայրերի կառույցը Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգեւատրեց «Զինվորի պաշտպան» մեդալով՝ մեդալը հանձնելով Արմենի մորը:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 23:50-ից մինչեւ 00:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում՝ արձանագրվել էին ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր. մարտական դիրքում իր առջեւ դրված մարտական խնդիրը կատարելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Լեւոնի Հովհաննիսյանը: Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել էր «Արիության համար» մեդալով։











