Պահեստազորի գնդապետ, խարդախության մեջ մեղադրվող Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստին Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունիսի 30-ին, մեղադրող Վարդան Պապիկյանը միջնորդեց կատարած հանցագործությունների համար պատիժ նշանակել 6տարի 6 ամիս ժամկետով։
«Պատիժ նշանակելու հարցում դատարանը պետք է հաշվի առնի նրա կատարած հանցագործությունների վտանգավորության աստիճանը, նրանց թիվը, մեղմացուցիչ հանգամանքները, նրա անձը բնութագրող հատկանիշները, հաշվի առնել նրա խնամքի տակ գտնվող մինչեւ 14 տարեկան երեք երեխաների առկայությունը, նաեւ այն, որ նրա պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան։ Ամբաստանյալ Վոլոդյա Ավետիսյանին պատիժ կիրառելիս խնդրում եմ հաշվի առնել, որ նա նախկինում դատված չի եղել, մասնակցել ՀՀ եւ ԼՂ սահմաններին պաշտապանական գործողություններին, որի ընթացքում պարգեւատրվել է բազմաթիվ պարգեւներով։ Միջնորդում եմ Վոլոդյա Ավետիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 34 178- րդ հոդվածի երկրորդ մասի 5-րդ կետով եւ ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված կատարված հանցագործության մեջ եւ վերջնական պատիժ նշանակել 6 տարի 6 ամիս ժամկետով եւ նրանից բռնագանձել 864 հազար դրամ»,-ասաց մեղադրող Վարդան Պապիկյանը մեղադրական ճառի ընթացքում։
Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը պաշտպանական ճառի ժամանակ ասաց, որ իրենց դատարանը հնարավորություն չի տվել ներկայացնել ապացույցներ, իսկ մեղադող կողմին այդ առումով բացառիկ հնարավորություններ է տվել։
«Հեռախոսային ձայնագրությունների մի մասը մոնտաժված է, պաշտպանական կողմը այդ մասին պաշտոնապես հայտարարում է, նաեւ ոչ մի կեպ չի ապացուցվում, որ Հենրիկ Զաքարյանը 2000 դոլար կաշառք է տվել, իսկ Մաթոսյանների դեպքում չի հաստատվում, որ նույնիսկ փորձել է նրանցից գումար վեցնել։ Հաշվի առնելով այս ամենը խնդրում եմ դատարանը կայացնի արդարացման դատավճիռ»,-ասաց Արա Զաքարյանը։
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար։











