Պահեստազորի գնդապետ, խարդախության մեջ մեղադրվող Վոլոդյա Ավետիսյանն այսօր՝ հունիսի 30-ին, Արաբկիր եւ Քանաքեռ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, պաշտպանական ճառի ժամանակ հայտարարեց, որ ինքը պատրաստ է թեկուզ 10 տարի ազատազրկվել իր հայրենիքի փրկության համար։

«Հասկանալով ազատամարտիկների խնդիրները՝ մենք պայքարում էինք, որպեսզի մարդը իր թոշակով արժանապատիվ կարողանա ապրի։ Մարդ իր գործով պիտի ապացուցի իր նվիրվածությունը, միայն խոսելով չի։ Ես մի անգամ ապացուցել եմ իմ նվիրվածությունը հայ ժողովրդին, մեր պետականությանը, գնացել եմ պատերազմ՝ երկու անչափահաս երեխա ունենալով, եւ այդ ժամանակ իմ ընտանիքն է երեխաներիս պահել՝ հայրս, մայրս եղբայրներս։ Պատրաստ եմ նստել թեկուզ 10 տարի, որպեսզի մեր հայ ազգը փրկվի, պետություն դառնա, չդառնա 1915 թվականի ցեղասպանություն, չդառնա Նախիջեւան, չդառնա ԼՂ, որ ժամանակին հայ դավաճաններըբ հանձնել են Ադրբեջանին»,-ասաց Վոլոդյա Ավետիսյանն իր պաշտպանական ճառի ժամանակ։

Պահեստազորի գնդապետը նշեց, որ իր արաքներում հանցագործություն չկա եւ իրեն ձերբակալել են ազատամարտիկների խնդիրների համար իր պայքարի պատճառով։

«Ես իմ արարքներում հանցագործություն չեմ տեսնում, էս ամեն ինչը սարքած ա, ինձ բազմիցս մոտեցել են պաշտոնյաներ, ծառայողներ, զգուշացրել են՝ Վալոդ ջան, գլխիդ կսարքեն, գիտես ինչ պետությունում ենք ապրում»,-ասաց Վոլոդյա Ավետիսյանը։

Վոլոդյա Ավետիսյանը կոչ արեց բոլորին պայքարել իրենց իրավունքների համար. «Ինձ շատ են ասել, որ մենակ ոչինչ չես կարող անել, ես համաձայն չեմ՝ ես մենակ պիտի անեմ։ Յուրաքանչյուր հայ, եթե ասի՝ ես մենակ պիտի ես երկիրը փրկեմ, ուրեմն էս երկիրը կփրկվի, կոչ եմ անում հայ ժողովրդին, որպեսզի օր առաջ ազատվել էս մեր բռնապետական, անօրինական իշխանություներից։Ես չեմ վախենում ոչ ոքից, որովհետեւ իմ պետությունը եւ հայ ժողովրդին բարձր եմ դասում իմ մի փոքր ընտանիքից։ Ես պայքարում եմ, որ արժանապատիվ ապրենք, վախեցած ման չգանք նապաստակի նման, վախեցած ճորտի պես»։

Փաստաբան Արա Զաքարյանն էլ ասաց, որ մեղադրողի պահանջն անօրինական է, չի բխում օրենքի պահանջներից, իսկ 864 հազար դրամի բռնագանձումը նպատակ ունի ավելի վատթարացնել առանց այդ էլ վատ սոցիալական պայմաններում գտնվող Վոլոդյա Ավետիսյանի բազմանդամ ընտանիքի վիճակը։

«Խնդրում եմ արդարացնել պաշտպանյալիս, իսկ պատիժ տալու դեպքում տալ մինչեւ 5 տարի պատիժ, որպեսզի համաներումով պաշտպանյալս ազատ արձակվի»,-իր պաշտպանական ճառը եզրափակեց Արա Զաքարյանը։

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար։