Լսողական խնդիրներ ունեցող 14-ամյա Կարինե Մինասյանի ծնողներն առաջինն էին, որ 1996 թվականին բնակություն հաստատեցին ազատագրված Քարվաճառի շրջանում. Անահիտ Մինասյանին ու Աշոտ Բադալյանին պետությունը տրամադրեց երեք սենյականոց «առանձնատուն»՝ առանց որեւէ տարրական պայմանի:
«Ես Երեւանից եմ, ամուսինս Ապարանի Զովունի գյուղից, ամուսնացանք ու տեղափոխվեցինք Քարվաճառ ապրելու: Պայմաններս ինքներդ էլ տեսնում եք: Միջանցքն ու խոհանոցն իրար հետ, հյուրասենյակն ու մեր ննջասենյակը՝ մեկ, շատ փոքրիկ սենյակ էլ ունենք, որ հազիվ երեք երեխաներիս եմ տեղավորել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Անահիտ Մինասյանը, որի ընտանիքին հյուր էր գնացել մեր թղթակիցը:
Այս դարում դժվար է պատկերացնել հայ կնոջ տունը՝ առանց խոհանոցի եւ կենցաղային տարատեսակ պարագաների: Անահիտը դրանք հեռավոր եւ անիրականալի երազանք է համարում, սակայն նույնիսկ գազիֆիկացման բացակայությունն ու թանկ էլեկտրաէներգիան չեն խանգարում տնային տնտեսուհուն տանն ամեն օր թարմ խմորեղեն ունենալ: Թե ինչպես է ողջ օրը հողագործությամբ եւ անասնապահությամբ զբաղվող երեւանցի Անահիտը հասցնում զբաղվել նաեւ տնային գործերով, իր գաղտնիքն է. գյուղական պայմանները երեք երեխաների մորը ծնկի չեն բերել: Նրան հուզող միակ խնդիրը դստեր լսողությունն է:
«Ոչ մի բանից էլ չեմ բողոքում, ապրում եմ երեխաներիս համար: Միակ խնդիրս այս պահին Կարինեն է, որն արդեն մի քանի տարի չի լսում: Առաջին հղիությունն ահավոր ծանր եմ անցկացրել, ծննդաբերել եմ Երեւանում. զույգ աղջիկներ եմ ունեցել, որոնք անընդհատ հիվանդանում էին: Երբ զույգերից մեկը՝ Կարինեն, ավարտեց առաջին դասարանը, զգացի, որ լավ չի լսում, տարա մեր բժշկի մոտ, ուղարկեց Երեւան, դեղեր նշանակեցին, բայց չօգնեց»,- արցունքներն աչքերին պատմեց մայրը:
Կարինեն այսօր 14 տարեկան է, Երեւանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում նրան խորհուրդ են տվել անհապաղ վիրահատվել, հակառակ դեպքում խոսելու ունակությունն էլ կկորցնի:
«Բերանի շարժումից է հասկանում, թե ինչ ենք ասում, հիմա արդեն խոսելն էլ է դժվարանում, բառերը շփոթում է, մոռանում, խառնում իրար: Որ չի լսում, արդեն չի էլ ուզում խոսել»,- ավելացրեց երեխայի մայրը:
Ամանորի շեմին ծնված Կարինեն հավատում է Ձմեռ պապիկին եւ հրաշքների, ցանկանում է նորից լսել, որպեսզի կարողանա շատ գրքեր կարդալ ու դպրոցում լավ սովորել: Չնայած երեխան ընդհանրապես չի լսում, շարունակում է դպրոց հաճախել ու ակտիվ մասնակցել դասերին:
«Գիրք կարդալ եմ շատ սիրում, ուզում եմ վիրաբույժ դառնալ: Հրաշքների հավատում եմ, գիտեմ, որ մի օր լսելու եմ: Մեկ էլ նկարել եմ սիրում»,- NEWS.am-ի թղթակցի հարցերին կցկտուր պատասխանում է Կարինեն եւ ցույց տալիս իր նկարները:
Նկարներում միայնակ կենդանիներ են պատկերված: 14-ամյա Կարինեն կարծես թե ինքն իրեն է պատկերել. Քարվաճառում նա ընկերներ չունի, խաղում է միայն քրոջ եւ եղբոր հետ, իսկ նրանց երեքի ընկերները՝ շունն ու կատուն են:
Չնայած գորշ առօրյային՝ փոքրիկ Մինասյաններին ծնողները սովորեցրել են՝ իրենց տուն հյուր եկած աղջիկներին ճանապարհել իրենց իսկ աճեցրած կարմիր վարդերով:
Տեղեկացնենք, որ ֆեյսբուքյան ակտիվիստները Կարինեի Մայրիկի՝ Անահիտ Մինասյանի անունով հաշվեհամար են բացել Կոնվերս բանկում եւ կոչ են արել օգնել այս ընտանիքին։
Գումար կարող եք փոխանցել հետեւյալ հաշվեհամարով.
Converse bank
AMD 1930051111510100
USD 1930051111510101
Ստացող` Անահիտ Մինասյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am











