Իշխող կոալիցիայից դուրս եկած «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչներին, որոնք այսօր՝ հուլիսի 1-ին, միացել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առջեւ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող հարյուրավոր քաղաքացիներին, քաղաքացիական ակտիվիստները կասկածանքով են վերաբերվում:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Իշխան Խաչատրյանն ու Լեւոն Դոխոլյանը որքան էլ ջանք են գործադրում, որպեսզի ցույց տան, որ իրենք կիսում են քաղաքացիների մտահոգությունը՝ էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված, բանակցում են ոստիկանության հետ՝ փորձելով ապահովել քաղաքացիների մասնակցությունն այս պահին ընթացող հանձնաժողովի նիստին, այնուամենայնիվ, քաղաքացիները պնդում են, որ չեն հավատում նրանց անկեղծությանը՝ նկատելով, որ նրանք «իշխանության հետ նույն սեղանին են նստում»:
Այս պահին Սարյան փողոցում համեմատաբար հանգիստ է: Թեեւ հանձնաժողովից քիչ առաջ դուրս եկած Վաղինակ Շուշանյանն ասել էր, որ դահլիճում առնվազն 12 ազատ աթոռ կա եւ մոտ հիսուն մարդու տեղ, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նրանց թույլ չի տալիս մտնել շենք եւ ճանապարհը բացելու հորդորներին միայն պատասխանում է, թե «զանգի է սպասում»:
«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը, որը նույնպես միացել է դրսում հավաքված քաղաքացիներին, լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ոստիկանությունն ընդամենը ժամանակ է շահում, մինչեւ հանձնաժողովի նիստն ավարտվի։
Հիշեցնենք, որ ակտիվիստները պահանջում են թույլ տալ իրենց մասնակցել այս պահին ընթացող նիստին, որի ժամանակ քննարկվում է էլեկտրաէներգիայի թանկացման հարցը, սակայն նրանց թույլ չեն տալիս ներս մտնել՝ պատճառաբանելով, որ դահլիճում տեղ չկա:
Նշենք, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 10 %-ով՝ մոտ 4 դրամով: Նախկին 38 դրամի փոխարեն էլեկտրաէներգիայի սակագինը 1 կվ-ի դիմաց կդառնա 42 դրամ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թանկացումը պատճառաբանում է «Էլեկտրական ցանցեր» ընկերությունում առաջացած ֆինանսական ճեղքվածքով:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











