Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոսներին եւ ուսանողներին վրդովեցրել է համալսարանին պատկանող նախկին լաբորատորիայի տարածքում դահլիճ կառուցելու՝ «Օրինաց երկիր» կուսակցության նախագիծը։

Այսօր՝ հուլիսի 2-ին, նրանք հավաքվել էին համալսարանի բակում եւ պահանջում էին դադարեցնել այսօր վերսկսված՝ շինության ապամոնտաժման աշխատանքները։ Վիճահարույց տարածք էր եկել նաեւ  ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը, որը փորձում էր համալսարանի ներկայացուցիչներին համոզել, որ իրենց աշխատանքներն օրինական են։

Նրա խոսքով՝ դեռևս 2008թ. Քաղաքապետարանի որոշմամբ տարածքը պատկանում է ՕԵԿ-ին։

«Այս պահին գործը քննության փուլում է, որպեսզի պարզվի, թե ինչ ուժ ունի Քաղաքապետարանի կողմից մեզ տված որոշումը և քանդման թույլտվությունը: Գործը ընդունվել է վարույթ, սկսվել է քննություն, հերթական քննչական գործողությունների ընթացքում ես հարց եմ տվել քննիչին՝ պարոն Մուրադյան , արդյոք մենք կարող ենք մեր շինարարական աշխատանքները շարունակել։ Նա ասաց, որ մենք կարող ենք շարունակել քանդման աշխատանքները, բայց չիրականացնել շինարարություն, մինչև քաղաքապետարանը շինարարության համար  համապատասխան որոշում չտա»,- ասաց Հովհաննես Մարգարյանը։

Ագրարային համալսարանի ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Պարույր Էֆենդյանն էլ հիշեցրեց, որ 1933թ. հրամանով այդ հողը տրվել է համալսարանին:

«Լավ, դուք ուզում եք ասել՝ երեկ չանցած օր ստեղծված կուսակցությունը ավելի շուտ է տիրապետել այս հողին, քան 1933թ. գոյություն ունեցող համալսարա՞նը: Նրանք առաջին անգամ փորձեցին  քանդել մայիսի 23-ին, այդ ժամանակ  մենք քաղաքապատարան դիմեցինք, նրանք արձանագրություն կազմեցին և պահանջեցին դադարեցնել  աշխատանքները »,-ասաց Պարույր Էֆենդյանը: Հովհաննես Մարգարյանը, սակայն, վստահեցրեց, որ մայիսի 23-ին ապամոնտաժման աշխատանքները դադարեցրել են ինքնակամ։

Հովհաննես Մարգարյանի այն դիտարկմանը, որ հին տարածքը հնարավոր չէր օգտագործել որպես դահլիճ, որովհետեւ այնտեղ համապատասխան պայմաններ չկան, դասախոսներից մեկը հեգնանքով նկատեց. «Իբր կուսակցությունում էնքան մարդ ունեք, որ մի հատ էլ դահլիճ եք սարքում»։

Ուսանողները NEWS.am-ին պատմեցին, որ բարկացած են հատկապես նրանից, որ տարածքը ՕԵԿ-ականները օգտագործել են որպես պահոց՝ «ընտրակաշառքի համար նախատեսված օղու շշերի համար»։

«Մենք տեսել ենք, որ այնտեղ դրված են այդ օղու շշերը։ Մինչեւ հիմա էլ այնտեղ են»,- NEWS.am-ին ասաց ուսանողներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ։

Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը NEWS.am-ին  ասաց, որ ինքը մամուլից է տեղեկացել խնդրի մասին, եւ չի կարող որեւէ պարզաբանում տալ, քանի որ դա 6 տարվա վաղեմության հարց է։

«Դա արխիվային նյութ է։ Գործը պետք է հանենք արխիվից եւ ուսումնասիրենք»,- ասաց Արթուր Գեւորգյանը։

Մոտ մեկ ժամ վիճելուց հետո կողմերն ընդհանուր հայտարարի եկան, և քանդման աշխատանքները դադարեցվեցին:

«Հիմա գործը քննության փուլում է, թող մտնի դատարան, ինչ որոշում ընդունվի, այդպես էլ կվարվենք»,- ասաց Պարույր Էֆենդյանը: