Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 2-ին, «Բանդայի գործով» նիստի ժամանակ մեղադրյալ Արթուր Մանուկյանը հայտարարեց, որ նախաքննական ցուցմունքն իրենից կորզել են խոշտանգումների միջոցով, ինքը ցուցմունք չի գրել, իսկ ստորագրությունը քննիչները խաբեությամբ են իրենից վերցրել:

«5-6 հոգի գլխիս կանգնած, իմ ձեռքերն էլ կապած, քննիչը ասեց, որ ես պիտի ստորագրեմ ցուցմունքի տակ, որովհետեւ իրենց համար պարզ է, որ ես մեղավոր չեմ»,-ասաց Արթուր Մանուկյանը: Ամբաստանյալի խոսքով՝ ինքը ստորագրել է՝ չկարդալով եւ չմտածելով, որ ստորագրում է ինքնախոստովանական ցուցմունքի տակ։

Մեղադրյալը պնդեց դատաքննության ընթացքում իր տված ցուցմունքը՝ ասելով, որ համաձայն չէ իր նախաքննական ցուցմունքի հետ:

Դատարանը հրապարակեց Արթուր Մանուկյանի նախաքննական ցուցմունքը, որում գրված էր, թե նա ճանաչել է բանդայի պարագլուխ համարվող Գուրգեն Հայրապետյանին եւ նրա հետ ծրագրել ավազակային հարձակում, որը ավարտին չեն կարողացել հասցնել, փախուստի են դիմել, որի ընթացքում ոստիկանական մեքենան հետեւել է իրենց, վթարի են ենթարկվել, ինչից հետո ոստիկանությունը նրանց բերման է ենթարկել:

«Քննիչն այնպես է ամեն ինչ ձեւակերպել, որ այս գործով բոլորս մի օղակի մեջ ենք հայտնվել, իբր մեկս մյուսին ճանաչում ենք, սակայն նման բան չկա, սա ուղղակի հորինված է: Ճիշտ է՝ ես Գուրգեն Հայրապետյանին ճանաչել եմ, բայց ոչ մի ավազակային հարձակում չի պլանավորվել, այդ օրը մենք պարզապես գնացել էինք ժամանակ անցկացնելու, որից հետո մեզ հետապնդել է ոստիկանական մեքենան, ու տեղի է ունեցել այդ վթարը»,-ասաց Արթուր Մանուկյանը:

Մեղադրյալը նաեւ նշեց, որ ինքը զենք չի ունեցել, չի կրակել, իսկ հայտնաբերված զենքի վրա նրա աջ ձեռքի մատի մատնահետքն է  եղել, այնինչ ինքը ձախլիկ է:

Արթուր Մանուկյանի փաստաբանն ասաց, որ նախաքննության ընթացքում քննչական մի շարք խախտումներ են թույլ տրվել, իր պաշտպանյալին չեն տարել հանցանքի վայր, որպեսզի նա ասեր՝ եղել  է այդ վայրում, թե ոչ, առերեսում չեն արել մյուս  կասկածյալների հետ, որպեսզի պարզեն նրանք ճանաչում են միմյանց, թե ոչ:

Այսօրվա նիստին ցուցմունք տվեց նաեւ ամբաստանյալ, նախկինում երկու անգամ դատապարտված Սամվել Դավթյանը, որը նշեց, որ Գուրգեն Հայրապետյանին ճանաչել է կալանավայրից, ձերբակալման օրն էլ հայտնվել է վթարի վայրում, քանի որ շտապել է նրան օգնության հասնել:

Մեղադրյալը հայտարարեց, որ նախաքննության ընթացքում իրեն խոշտանգել են, նույնիսկ անարգանքի են ենթարկել, ինչի մասին անհարմար զգաց խոսել դատարանում՝ լրատվամիջոցների ներկայությամբ:

«Ինձ առաջարկել են ցույց տալ այդ տները, որտեղ ավազակային հարձակում եմ կատարել, բայց որ չգիտեի, ինչը ցույց տայի, ինչ-որ ավարի մասին էին խոսում, որ էդ ավարը լիներ, հիմա միլիոնատեր կլինեի: Էստեղ, որ շեշտում են՝ քննիչ, ես չգիտեմ, քննիչն ինչ բան է, միշտ մի 30-40 հոգի մարդ եմ տեսել, որոնք անընդհատ ասում էին՝ բանդայի գործ ու շատ անուններ էին տալիս, որոնց ես պետք է ճանաչեի: Ձեռքերս կապած, դիմակ հագցրած բերում էին ցուցմունք տալու, հետո «մարզադպրոց» ու այդպես շարունակ 10 օր: Էլ ծեծ ու ջարդ, կողերս ջարդել են, որ մինչեւ հիմա տառապում եմ, էլ գիշերը քնում էի, առավոտ արթնանում էի մերկ, ու նույնիսկ անարգանք, որ հիմա անհարմար եմ զգում ասել»,-ասաց Սամվել Մկրտչյանը:

Մեղադրյալը նշեց, որ ամբաստանյալ Արտուշ Հակոբյանին մինչեւ դատավարությունը չի ճանաչել:

«Ոստիկանապետը, որ հայտարարում է, թե գիտի՝ որտեղ է ավարը, թող գա ասի, որտեղ  է այդ ավարը, մենք էլ իմանանք, իմ փայս վեկալեմ, կին, երեխա ունեմ, երկրորդ կարգի հաշմանդամ, որ փողոցներն են մնացել»,-ասաց Սամվել Դավթյանը:

Դատական նիստն այսօր հետաձգվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 9-ին:

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը եւ մյուսները մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Նշենք, որ ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում։