Աֆրիկյանների տան պաշտպանության համար այսօր՝ հուլիսի 2-ին, մի քանի մտավորականներ եւ տարբեր քաղաքական գործիչներ ստորագրահավաք էին կազմակերպել Աֆրիկյանների տան մոտ: Ստորագրահավաքը նախաձեռնել էր Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը՝ մի քանի մտավորականների հետ:

«Ստորագրահավաքը պահանջում է վերականգնել այս մշակութային ժառանգությունը եւ մեկ ձայնով ավելացնել ստորագրությունների թիվը: Սա մի իշխանություն է, որը թքած ունի կոնկրետ իմ կարծիքի վրա: Ես իրեն հակառակ ասում եմ, ո՛չ, ես քեզ պարտադրելու եմ ինձ լսել, հանրությանը լսել»,- NEWS.am-ին ասաց Անահիտ Բախշյանը:

Ստորագրահավաքին մասակցող, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ շենքի ապամոնտաժումը արդյունքն է այն բանի, որ տարիներ շարունակ անպատժելիություն է տիրել: «Շատերին թվում է, որ այս ամենը ապարդյուն է, քանի որ շենքը հիմնահատակ փլուզվել է: Մենք պահանջում ենք, եթե կա վերականգնելու խնդիր, ապա պահանջը նախեւառաջ նույն տեղում վերականգնելն է»,- NEWS.am-ին ասաց Լարիսա Ալավերդյանը:

Ստորագրահավաքին մասակցում էր նաեւ Հ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:

«Ամեն մի շենքի քանդում ինձ համար Երեւանի հոգեհանգիստն է: Այսօր ես հերթական հոգեհանգստին եմ եկել: Տեսնենք մինչեւ երբ կմեռցնեն մեր քաղաքը: Հասարակության մեջ ծանրակշիռ դիրք ունեցող մտավորականները ծանրակշիռ էլ մտածում են՝ խուսափելով այն հանգամանքից, որ նրանց կճնշեն կամ կտեսնեն պայքարող մարդկանց մեջ»,- NEWS.am-ին Նարինե Թուխիկյանը՝ նշելով, որ այսօր մենք չունենք այն մարդը, ում խոսքը, ձայնը կարող է որոշիչ լինել:

«Մենք այսօր, ցավոք սրտի, չունենք Վազգեն Առաջին կաթողիկոսի նման մեկին, մենք չունենք Թումանյանի պես մեկին, որը կարողանար խոսել եւ ամեն ինչ հավաքել իր շուրջը»,- ասաց Նարինե Թուխիկյանը:

Հիշեցնենք, որ քաղաքացիական ակտիվիստները պահանջում են չքանդել եւ չտեղափոխել XIX-XX դարերում կառուցված Աֆրիկյանների տունը: Սովետական տարիներին այն օգտագործվել է որպես բնակելի տուն, իսկ 2004 թվականին Կառավարությունն այն հայտարարեց որպես պատմության եւ մշակույթի հուշարձան, ինչը նշանակում է, որ շենքը կարելի է փոխադրել: Այնուհետեւ տան տարածքը, հասարակության գերակա շահի հիմքով, վաճառվեց «Դվին Հոլդինգ» ընկերությանը: Սեփականատերերը վստահեցնում են, որ շինությունը նույնությամբ փոխադրելու են, սակայն ընդդիմախոսները չեն հավատում այդ խոստումներին: