ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր՝ հուլիսի 3-ին, Կառավարության շենքի մոտ ոստիկանության նախկին մայոր ներկայացած քաղաքացուն՝ Անդրանիկ Դեմիրճյանին մերժեց հասարակական տրանսպորտով անվճար երթեւեկության տոմս տրամադրել։
«Ես գնացել, ասել եմ, որ ինձ անվճար երթեւեկելու տոմս տրամադրեն, ասեցին՝ քեզ չի հասնում, ասում են՝ միայն սովետական հերոսին ու առաջին կարգի հաշմանդամներին են տրամադրում, ես էլ ասեցի՝ ես կռված-հելած մարդ եմ։ Հիմա ես միջնորդում եմ, որ Ձեր անձնական ինիցիատիվով միջնորդեք՝ այդ տոմսը ես ստանամ»,-նախարարին դժգոհեց Անդրանիկ Դեմիրճյանը՝ նշելով, որ ինքը «Կուբայում յանկիների դեմ կռվել է»։
Նախարարը պատասխանեց, որ քաղաքացուն անվճար երթեւեկության տոմս չի հասնում։
«Ձեզ տոմս չի հասնում, որովհետեւ տոմսը տալիս են համապատասխան մարդկանց։ Ես ասեմ՝ էս մարդը գնացել է Կուբա, Ամերիկա յանկիների հետ է կռվել, էս մարդուն տվեք տոմս, հա՞»,-զարմացավ նախարարը։
Գագիկ Բեգլարյանը քաղաքացուն շնորհակալություն հայտնեց, որ նա յանկիների դեմ է կռվել, բայց ասաց, որ նրան, այնուամենայնիվ, տոմս չի հասնում։











