Արվամոլ Մաշային ծեծած եւ 2011թ. 6 տարվա ազատազրկման դատապարտված Մարտին Վարդանյանի մայրը՝ Գայանե Նասոյանը, այսօր՝ հուլիսի 3-ին, Կառավարություն էր եկել Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից պահանջելու իրեն տրամադրել որդու տեղեկանքը հոգեբուժարանից, քանի որ հոգեբուժարանում իրեն մերժել են։
«Ւմ տղան 2003-2011թթ. աղի հանքի հոգեբուժարանում հաշվառված է եղել, բայց ինձ միշտ մերժել են, էսօր-էգուց են գցում։ Ինձ այդ փաստաթուղթը պետք է, որովհետեւ դա մեղմացուցիչ հանգամանք է տղայիս համար»,-NEWS.am-ի հետ զրույցումասաց Գայանե Նասոյանը։
Տիկին Գայանեի խոսքով՝ իր որդուն պետք է ավազակային հարձակման հոդվածով չդատապարտեին։
«Իմ տղան գնում էր Կոմայգի վազելու, մարզվելու, ու այնտեղ մի քանի տղայի հետ է ծանոթանում, մի օր էլ Մաշա անունով մի արվամոլի հետ, որի իսկական անունը կարծեմ Տիգրան է, վիճում եւ ծեծում են նրան։ Երկու օրից Կենտրոնականի բաժնից գալիս են, իմ տղային տանում են, որ իբր թե ավազակային հարձակում է գործել արվամոլի վրա, բայց արվամոլից ի՞նչ պիտի տաներ՝ յուբկա՞ն, թե՞ դնովի մազերը պիտի գողանային, թե՞ բարձրակրունկ կոշիկները պիտի գողանային», - դժգոհեց Գայանե Նասոյանը՝ նշելով, որ ոստիկանությունը պաշտպանում է արվամոլի շահերը։
Տիկին Գայանեն նշեց, որ իր որդուն ժամկետային զինծառայության ընթացքում սպաներն են ծեծել, ինչից հետո նա հայտնվել է հոգեբուժարանում, սակայն բուժման կուրս անցնելուց հետո դուրս է գրվել եւ աշխատանքի անցել։
Գայանեն Նասոյանը պնդում է, որ իր որդու նախաքննությունը բամաթիվ խախտումներով է ընթացել. «Քննիչը մեզ ասում էր՝ մազից մազ է, կուզեմ այս հոդվածը կգրեմ, կուզեմ՝ այն, նույնիսկ մի անգամ տղայիս սպառնացել, ասել է՝ ագռավի սռոկ կդնեմ վրեդ»։
Դատապարտյալի մոր խոսքով՝ Մաշան այժմ գտնվում է հանրապետությունից դուրս, իսկ նրա հարազատները չեն բողոքում Մարտին Վարդանյանի դեմ։
Տիկին Գայանեին այդպես էլ չհաջողվեց հանդիպել Առողջապահության նախարարին։











