Ճապոնական Հյոգո պրեֆեկտուրայի օրենսդիր մարմնի պատգամավորը մամուլի ասուլիսի ընթացքում հիստերիա է բարձրացրել, երբ նրան խնդրել են հանրային ֆոնդից մի քանի կասկածելի ծախսեր բացատրել։ SFGate-ի փոխանցմամբ, արտասովոր ելույթի տեսանյութը համացանցում աննախադեպ տարածում է ստացել. ընդամենը երկու օրվա ընթացքում այն շուրջ երկու միլիոն մարդ է դիտել:
Հուլիսի 1-ին 47-ամյա Ռյուտարո Նոնոմուրան մամուլի ասուլիս է հրավիրել իր թույլ տված կասկածելի ծախսերի հետ կապված, որոնց մասին տպագրվել է Kobe Shimbun թերթում։ Հրատարակությունը պատմել է, որ անցյալ տարի Նոնոմուրան 106 անգամ հանրային ֆոնդի հաշվին տաք աղբյուրներ է գնացել:
Բացատրությունների փոխարեն Նոնոմուրան սկսել է լաց լինել, բղավել, անհեթեթություններ խոսել եւ գլխով սեղանին խփել։ NEWSru.com-ի փոխանցմամբ, նա խորհրդավոր արտահայտություն է արել. «Հանուն Ճապոնիայի եւ հասարակության փոփոխությունների ես կյանքս վտանգի եմ ենթարկել»։
Հասարակությունը զոհողությունը չի գնահատել. Ճապոնիայում, որտեղ վարվեցողության կանոնները ստիպում են ցանկացած իրավիճակում հանգստություն եւ քաղաքավարություն պահպանել, քաղաքական գործչի նման վարվելակերպը խառնաշփոթ եւ տհաճ իրավիճակ է առաջացրել։ Նման այցելություններն ինքնին անօրինական չեն համարվում, բայց դրանց վրա 3 միլիոն իեն է ծախսվել (շուրջ 30 հազար դոլար)։
Հասարակությունը պատգամավորից պահանջել է բացատրել այս ծախսերը։ Բանն այն է, որ Հյոգո պրեֆեկտուրայի օրենսդիր մարմնի անդամներին աշխատանքային ծախսերի համար ամսական 500 հազար իեն է հատկացվում (5 հազար դոլար)՝ ներառյալ գործուղումները, բայց ենթադրվում է, որ այդ գումարը ծախսվելու է պաշտոնական այցերի եւ ծառայողական այլ պարտականությունների հետ կապված միջոցառումների համար։
Սակայն Նոնոմուրան իրեն մեկօրյա ուղեւորություններ է թույլ տվել, որտեղ աշխատանքային ոչ մի ակնհայտ անհրաժեշտություն չի եղել, ներառյալ՝ այցելությունները Տոկիո եւ Ֆուկուոկու։ Նման 195 մեկօրյա ուղեւորությունների մեծ մասը եղել է դեպի զբոսաշրջային Կինոսակի քաղաք՝ տաք աղբյուրներով, որը նրա շրջանի սահմաններից դուրս է։











