Դերասան Վարդան Պետրոսյանը հերքում է տուժող կողմի այն պնդումները, թե ինքը հրաժարվել է փոխհատուցում վճարել եւ իր մասնակցությամբ վթարի հետեւանքով զոհված երկու երիտասարդների ընտանիքի հետ հաշտվելու ուղղությամբ որեւէ քայլ չի կատարել։ Այսօր՝ հուլիսի 4-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, Վարդան Պետրոսյանը հարցեր տվեց ցուցմունք տվող տուժող Արթուր Հակոբյանին։

«Ես չէի ուզում հարցեր տալ, բայց այս հարցերը ծայրահեղ կարեւոր են ինձ համար: Երդվում եմ Աստծով՝ իմ հարցերի մեջ թակարդ չփնտրել: Դուք բաներ ասացիք, որ ես չգիտեմ: Ես մարդասպան եմ, էլ ի՞նչ եք ուզում ասեմ, որ հանգստանաք: Ես առաջին իսկ օրվանից փորձել եմ կապ հաստատել։ Դուք  ասացիք, որ ես հայտարարել եմ, որ փող չունեմ։ Ե՞րբ եմ նման բան հայտարարել»,- հարցրեց դերասանը, ինչին Արթուր Հակոբյանը պատասխանեց. «Ձեր դատապաշտպանն է նախորդ դաատական նիստին ասել»:

Վարդան Պետրոսյանը պատմեց, որ իր տեղեկություններով՝ Արթուր Հակոբյանին հիվանդանոցում այցելել են իր ընկերները՝  արվեստագետներ Աշոտ Ղազարյանը եւ Հարություն Մովսիսյանը. «Ճի՞շտ է, որ Դուք իրենց ասել եք, որ աչքը կպավ, երեւի բան ա, պատահում ա, մարդ էր, աչքը կպել է»:

Արթուր Հակոբյանն ասաց, որ հիշում է, որ նրանց պատմել է միայն, որ իրենք վթարի պահին եղել են հողածածկ գոտում. «Ես իրանց պատմեցի, էդ մարդկանց աչքերը թռավ. ասեցին՝ Արթուր ջան, մեզ ուրիշ բան են պատմել»:

Վարդան Պետրոսյանը պատմեց, որ իր կինը, քույրը, հարազատները հանդիպել են Հակոբյանների հետ, նրանց հետ գնացել գերեզման եւ խունկ վառել, եղել է դրական միջավայր հետո ամեն ինչ միանգամից փոխվել է։

«Ի՞նչ է պատահել որ հանկարծ»,- հարցն Արթուր Հակոբյանին ուղղեց դերասանը։

Դատավորը հարցը հանեց:

Վերջում Վարդան Պետրոսյանը տուժողին, որը ողբերգական վթարի օրը «Նիվայի» ղեկին էր եղել, հարց ուղղեց. «Անկեղծ ասեք՝ դուք խմա՞ծ եք եղել»:

Արթուր Հակոբյանը պատասխանեց, որ դեպքի օրը խմած չի եղել։

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը դատարանին միջնորդեց հրապարակել Արթուր Հակոբյանի նախաքննական ցուցմունքը՝ նշելով, որ դրա եւ դատարանում տված ցուցմունքների միջեւ առկա են հակասություններ։ Դատավոր Վաղինակ Մկրտչյանը բավարարեց միջնորդությունը։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզարակացության, Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։