Սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Իշխան Ստեփանյանը, դժգոհ է դատարանի կայացրած վճռից, որով իր որդուն սպանելու համար մեղավոր ճանաչված Դավիթ Խաչատրյանը դատապարտվեց 17 տարվա ազատազրկման։
«Ես մահապատիժ եմ պահանջում, արդար ա, արդար չի, ինձ չի բավարարում, ինձ միայն մահապատիժն է բավարարում»,- Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի բակում այսօր՝ հուլիսի 4-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Լյուքս Ստեփանյանի հայրը։
Լյուքս Ստեփանյանի բոլոր հարազատներն ու համագյուղացիները դժգոհ են դատավճռից։
«Դրա նստել, հելնելն ի՞նչ ա, 37 տարեկանում դուրս կգա, իսկական ամուսնանալու ժամանակն ա»,- դժգոհում էին նրանք։
Նշենք, որ ամբաստանյալի հարազատներից ոչ ոք դատական նիստին ներկա չէր. Մինչեւ հիմա նրանք ընդհանրապես չեն մասնակցել դատական նիստերին։ Դատավճռի հրապարակմանը ներկա չէին նաեւ Դավիթ Խաչատրյանի փաստաբաններ Երեմ Սարգսյանն ու Վաղինակ Գեւորգյանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ողբերգությունը կատարվել էր 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում:











