Armenia Today կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով, այսօր՝ հուլիսի 4-ին, հերթական դատական նիստի ժամանակ, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վկա Վահրամ Մնացականյանը նախկինում ցուցմունք տված վկաներից տարբերվող վկայություն տվեց:
Նա ասաց, որ այդ օրը տաքսի էր վարում եւ պատահաբար տեսել է, թե ինչ է կատարվել Կոմիտաս-5 հասցեում։
«Ես ուղղակի իմ մեքենայով կանգնած էի, երբ չորս մետրից տեսա, որ մի ոստիկան Արգիշտի Կիվիրյանին փորի հատվածում բռնել էր եւ տանում էր դեպի ոստիկանական մեքենան։ Ինքը այնտեղ ոնց որ ղեկավար լիներ, եթե ոստիկանները ցանկանում էին ինչ-որ մեկին տանել, գալիս էր եւ չէր թողնում։ Անգամ մտածեցի հալալ է այս մարդուն, որ իրեն սենց ա պահում»,-ասաց Վահրամ Մնացականյանը։
Վկայի խոսքով՝ Կոմիտաս-5 հասցեում ոստիկանները ոչ-ոքի չեն հարվածել եւ պարզապես ցուցարարներին ասում էին, այդտեղից հեռանան։
Դատական նիստին Կիվիրյանի պաշտպանը վկային հարցրեց՝ արդյոք նա նախկինում ազատազրկված եղել է։ Վկան ասաց, որ մանր խուլիգանություն կատարելու համար 2008թ դատապարտվել է ազատազրկման։
Արգիշտի Կրվիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանի կարծիքով՝ դատարանում վկան կեղծ վկայություն տվեց եւ, ամենայն հավանականությամբ, կապ ունի ոստիկանության հետ։
«Ես ակնհայտ կասկածներ ունեմ, որ այս վկան կապ ունի Արաբկիրի ոստիկանության հետ։ Դա նրանով է պայմանավորված, որ ժամանակին վկան դատապարտվել է Արաբկիրում կատարած հանցագործության համար։ Քրեական գործի ընթացքը ցույց է տալիս, որ Արաբկիրի ոստիկանությունը ակնհայտ շահագրգռված է այդ գործով վկաներ ապահովելու գործում եւ դրա համար շատ ակտիվ գործողություններ է ձեռնարկում։ Շատ տարօրինակ է, թե այս վկան ինչպես հայտնվեց դատարանում, որովհետեւ չէին կարող վկայի մասին տեղեկությունները օրինական ճանապարհով ստացված լինել, որովհետեւ այդ ճանապարհով բոլոր միջոցները սպառված են»,-ասաց Լուսինե Սահակյանը։
Արգիշտի Կիվիրյանի կարծիքով նույնպես վկան գործի հետ իրականում որեւէ կապ չունի։
«Այս վկան նույնպես արհեստական վկա էր, նա որեւէ կապ չուներ այս գործի հետ։ Երբ մենք կներկայացնենք դեպքի իրական մանրամասները, ավելի ցայտուն կերեւա, որ նրա ցուցմունքը ակնհայտորեն հակասում է գործում եղած մյուս ապացույցներին։ Ոստիկանությունն այս եւ մյուս արհեստական վկաներով փորձել է իմ նկատմամբ գործ սարքել եւ հենց այդ պատճառով այդ գործը փլվում է։ Այդ վկաները, այս գործով վկաներ չեն, նրանց փորձել է ստեղծել ոստիկանությունը եւ հատուկ քննչական ծառայությունը։ Այդ իսկ պատճառով այդ վկանները տալիս են հակասական ցուցմունքներ եւ նրանց նախաքննական եւ դատական ցուցմունքները իրար հակասող են»,-ասաց Արգիշտի Կիվիրյանը։
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստերին ցուցմունք էին տվել մյուս ականատես վկաները, որոնք իրարամերժ ցուցմունքներ էին տվել, միեւնույն ժամանակ պնդելով, որ դեպքի օրը ոստիկաններն ընդհանրապես չեն հայհոյել եւ բռնություն չեն կիրառել ակտիվիստների նկատմամբ։ Նրանց ցուցմունքները լսելուց հետո Արգիշտի Կիվիրյանը հայտարարել էր, որ վկաներն իրականում դեպքի վայրում չեն եղել եւ ոստիկանությունն է նրանց ստիպել գալ եւ ցուցմունք տալ:
Նշենք նաեւ, որ մինչեւ այս հարցաքննվել են նաեւ ոստիկան վկաները, նրանք միմյանց ու իրենց նախաքննական ցուցմունքներին հակասող ցուցմունքներ են տվել: Ոստիկանները, որոնք երեքն էլ ոստիկանական մեքենայում են եղել Կիվիրյանին բերման ենթարկելիս, տարբեր կերպ են ներկայացրել դեպքը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում կառուցվող բազմահարկի դեմ հարակից շենքի բնակիչների բողոքի միացած Կիվիրյանը հանցագործության մասին հաղորդում էր տվել, որ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններն իրեն բաժին տանելիս բռնություն են գործադրել իր նկատմամբ: Սակայն քրգործ հարուցվել էր ոչ թե այդ առթիվ, այլ ոստիկանի հաղորդման հիման վրա, ըստ որի, Արգիշտի Կիվիրյանն է հարվածներ հասցրել ոստիկանին եւ ինքնավնասվել՝ գլուխը հարվածելով ոստիկանական ավտոմեքենայի դռանը: Կիվիրյանի դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը:











