«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար, նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի կարծիքով քաղաքացիական նախաձեռնությունները, ինչպիսին «Դեմ եմ»-ն է կամ «Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը», պայքարում են նյութական, ոչ թե բարոյական արժեքների համար, ինչը, նրա խոսքով, լավ չէ: Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին, իր եւ իր ընկերների դեմ հարուցված քրեական գործով դատական նիստին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Շանթ Հարությունյանը:

«Դեմ եմ»-ը, հոսանքը՝ սաղ փողի վրա ա: Իշխանությունն էդ բոլորին շատ լավ հետեւում ա, տեսնում ա: Ասում ա՝ էն հասարակությունը, որը հանուն նյութական կարիքների պատրաստ է զոհել ավելի բարձր մարդկային արժեքները, նա արժանի չի մարդ կոչվելու: Չի կարա մի մարդ գնա փողի համար ցույց անի, հետո գնա զոհվի: Չէ որ ինքն էդ փողն ուզում ա, որ չզոհվի, կայֆավատ անի: Նույնիսկ նյութականի մեջ կարելի էր ավելի ճիշտ պահանջ դնել: Հայաստանը կարա հոսանքը սարքի ոչ թե 38, այլ 148 դրամ, նույն գնով էլ ուրիշ երկրներին ծախի, մարդկանց ռոճիկը բարձրացնի, ուրիշ երկրներից մեծ  եկամուտ բերի»,-ասաց Շանթ Հարությունյանը:

Նա շարժման անդամներին առաջարկեց երկու նոր շարժում սկսել՝ Կարապի լճի պաշտպանության շարժում, քանի որ Երեւանի Կարապի լճում կարապներ չկան, եւ պահանջեն, որպեսզի վերականգնեն տրամվայի գծերը:

Շանթ Հարությունյանի կարծիքով՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի ձեւը սխալ է ընտրված. «Ասում ա`ժողովուրդը միջոցներ ա ձեռք առնում: Մեկն ասում ա՝ հեռուստացույցը պիտի անջատենք, մյուսն ասում ա՝ միս չենք առնի: Մեկը չեղավ, ասեր ՝ ես կգնամ դրանց գլուխը կջարդեմ: Խորենացին ա գրել, որ սերն ու ամոթը ամենքից վերացած է: Ես ձեզ ասեմ, մի ժողովուրդ, որը սիրո զգացում չունի, էդ ավարտված ժողովուրդ ա, միջազգային հանրության առաջ փչացած ժողովուրդ ա արժեհամակարգի առումով: Ամոթի զգացումը կորցրած ժողովուրդն էլ ա փչացած ժողովուրդ»,-ասաց Շանթ Հարությունյանը:

Նշենք, որ այս դատական նիստին դատարանը հետազոտեց է դեպքի օրվա վերաբերյալ տեսանյութերը, որոնք կցված են գործին:

Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):