Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում պահեստազորի գնդապետ, խարդախության մեջ մեղադրվող Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստն այսօր՝ հուլիսի 7-ին, դատավորի հիվանդության պատճառով հետաձգվեց անորոշ ժամկետով: Այս մասին դատարանում հայտարարեց դատական նիստերի քարտուղարը (ֆոտոռեպորտաժ):

Փաստաբան Արա Զաքարյանի հարցին, թե հիվանդությունից հետո դատավոր Լեւոն Ավետիսյանը գնա արձակուրդի եւ նիստը անորոշ ժամանակով հետաձգվի, քարտուղարը պատասխանեց, որ դատարանի նախագահը խնդրել է դատավորին մինչեւ արձակուրդ գնալը նշանակել դատական նիստը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դահլիճում նստած ազատամարտիկները վրդովվեցին ու հարցրին, թե ինչից է վախենում դատավորը, ինչու չի ներկայացել:

«Ինչո՞ւ է հիվանդ ձեւանում, լավ էլ առողջ ա, երբ որ տղերքին որ կնգա փեշի տակ էր ուղարկում»,- տեղից բացականչեց ազատամարտիկ, «Նախախորհրդարանի» անդամ Գագիկ Սարուխանյանը:

Փաստաբան Արա Զաքարյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ հետձգման միտում է տեսնում:

«Չի բացառվում, որ դատավորը կկատարի 6.6 տարի ազատազրկման դատախազի պահանջը, հետո էլ գործը կուղարկեն Վերաքննիչ դատարան, որտեղ էլ կարդարացվի Վոլոդյա Ավետիսյանը՝ ասելով, թե առաջին ատյանի դատարանը սխալներ է թույլ տվել, այս կերպ կերկարացնեն Վոլոդյա Ավետիսյանի կալանքի տակ մնալու ժամկետը: Իշխանությունների պահանջն է սա»,- ասաց նա:

Դատական նիստին ներկա էին նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, Նախախորհրդարանի անդամ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը։

Նշենք, որ այսօր պետք է հրապարակվեր Վոլոդյա Ավետիսյանի գործով վճիռը:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am