Իշխանությունները չգիտեն՝ ինչ դատավճիռ կայացնել պահեստազորի գնդապետ, խարդախության մեջ մեղադրվող Վոլոդյա Ավետիսյանի գործով, այդ պատճառով էլ ձգձգում է դատավճռի հրապարակումը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Նախախորհրդարանի» քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը, որն այսօր՝ հուլիսի 7-ին Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան էր եկել՝ մասնակցելու Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավճռի հրապարակմանը։
«Ռեժիմի նիստուկացը, նրանց շարժուձեւը հուշում է, որ նրանք հոգեւարքի մեջ են, ու այսօրվա հետաձգման հանգամանքը եւս ապացույցներից մեկը պիտի լինի, թե նրանք չգիտեն՝ ինչպես վարվել Վոլոդյայի հետ։ Բայց դատավճիռը կլինի այնպես, ինչպես հրամայի Սերժ Սարգսյանը եւ մեղադրողի 6,6 տարի առաջարկը մի նպատակ ունի՝ որ Վոլոդյա Ավետիսյանը չօգտվի համաներումից»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը։
Նրա խոսքով՝ Վոլոդյա Ավետիսյանի դատական գործընթացը ապացուցում է, որ Հայաստանում գոյություն չունի դատարան. «Այդ ամբողջ համակարգը ծառայում է գործող ռեժիմին որպես գործիք հարվածելու, ճնշելու այն մարդկանց, որոնք չեն ուզում ենթարկվել այսօրվա կարգերին»։
Ժիրայր Սեֆիլյանը համոզված է, որ Վոլոդյա Ավետիսյանի գործը շինծու է, եւ դատարանը 6,5 տարի ազատազրկման դատավճիռ հրապարակելով զավեշտալի վիճակի մեջ կհայտնվի։
Ազատամարտիկի խոսքով՝ ինքը Վոլոդյա Ավետիսյանին ճանաչում է դեռ արցախյան ազատամարտի տարիներից։
«Վալոդը սկզբից մինչեւ վերջ պատերազմի մասնակից է եղել եւ երբեք չի քարոզել, որ ծառայել է մեր ժողովրդին, մեր հայրենիքին։ Նա համեստ եւ հայրենիքին նվիրված անձնավորություններից մեկն է եղել, սակայն ամեն մարդու համբերությունը չափ ու սահման ունի, եւ մի տարի առաջ Վոլոդյան որոշեց հրապարակավ պայքարել անարդարությունների դեմ, որի պատճառով հայտնվեց անազատության մեջ»,-ասաց Ժիրայր Սեֆիլյանը։
Նշենք, որ այսօր պետք է հրապարակվեր Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավճիռը, սակայն այն անորոշ ժամկետով հետաձգվեց դատավոր Լեւոն Ավետիսյանի հիվանդ լինելու պատճառաբանությամբ։
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար։ Մեղադրողը նրա համար 6 տարի 6 ամիս ազատազրկում է պահանջել։











