Ռուսաստանի տուրիզմի եւ սերվիսի պետական համալսարանի Երեւանի մասնաճյուղի ավագ դասախոս Սուրեն Եզեկյանը մեղադրվում է ուսանողներից կաշառք վերցնելու մեջ:
Ոստիկանության բաժնում հունիսի 27-ին հաղորդում ստացվեց այն մասին, որ Սուրեն Եզեկյանը «Աշխարհագրություն եւ աշխարհի ժամանակակից գիտական քարտեզ» առարկաների ընթացիկ քննություններին դրական գնահատելու համար ուսանողներից մեկի ծնողից 60 հազար դրամ է վերցրել: Նույն օրը դասախոսը բերման ենթարկվեց ոստիկանություն, հարուցվեց քրեական գործ: Հուլիսի 1-ին նորից հաղորդում ստացվեց երկու այլ ուսանողից, որոնց խոսքով՝ նույն դասախոսը 2011-2012 թվականներին իրենց բացակաները հարգելի դարձնելու համար նրանցից 200 հազարական դրամ է վերցրել: Ուսանողներից մեկը նաեւ հայտնեց ոստիկաններին, որ ինքը նաեւ 300 ԱՄՆ դոլար կաշառք է տվել Եզեկյանին:
Հունիսի 27-ին ոստիկանները բացահայտեցին կաշառքի եւս մեկ դեպք: Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության գիտական նորմերի եւ կանոնների վերահսկողության գլխավոր մասնագետ Արշակ Ներսիսյանը անհատ ձեռներեցին պահանջել եւ ստացել էր 160 հազար դրամ կաշառք:
Նախաքննությունը շարունակվում է:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











