Լոռու մարզի Վանաձոր քաղաքում հուլիսի 6-ին եւ 7-ին տեղի ունեցած երկու երկրաշարժերը երկրակեղեւի բնական լիցքաթափման արդյունք էին, պետք չէ խուճապի մատնվել: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, Լոռու մարզպետարանում հրավիրված արտահերթ խորհրդակցության ժամանակ լրագրողներին ասաց ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության հյուսիսային բաժանմունքի ղեկավար Սերգեյ Նազարեթյանը:

«Բնական երույթ էր: Ինչքան շատ լիցքաթափվի երկրակեղեւը, այնքան ավելի քիչ կկուտակվի սեյսմիկ էներգիան՝ ապագայում ուժեղ երկրաշարժի համար»,- ասաց նա:

Խորհրդակցությանը մասնակցում էր նաեւ ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, որը հորդորեց խուճապի չմատնվել՝ վստահեցնելով, որ իրենք աշխատում են, եւ եթե իրենք տեղեկություն ունենան, որ ազգաբնակչությանը վտանգ է սպառնում, անպայման կտեղեկացնեն:

«Խուճապի մատնվելու ոչ մի պատճառ չունենք: Ասում են՝ երեխաներին մանկապարտեզ չեն թողնում, դպրոցներից են հանում, ես հասկանում եմ՝ մենք տեսել ենք ուժեղ երկրաշարժեր, վախ կա մեր մեջ, բայց խուճապը շատ ահավոր բան է, եւ պետք է մեր ազգաբնակչությանը կոչ անենք, որ վտանգ չկա: Ես ասում եմ այն, ինչ կա: Փոքր երկիր ենք, բոլորս իրար բարեկամ ենք, հարեւան ենք, միանգամից մի 10-15 րոպե հետո ամբողջ Հայաստանը խուճապի մեջ ա: Մենք պետք է ավելի սառնասիրտ լինենք»,-ասաց ԱԻ նախարարը:

Արմեն Երիցյանը տեղեկացրեց, որ այժմ գործում է Հայաստանի ճգնաժամային կառավարման կենտրոնը,  բայց վանաձորցիները շուտով կունենան  նաեւ իրենց տարածաշրջանայինը: Նախարարի խոսքով՝ շուտով պատրաստ կլինի Գառնիի՝ միջազգային նշանակության սեյսմիկ կենտրոնը, որտեղ տեղադրված է երկրաշարժից առաջ երկրի կեղեւի շարժը ցույց տվող՝ աշխարհում եզակի դեֆորմոգրաֆերից մեկը: 

«Դեֆորմոգրաֆի երկարությունը 367 մետր է: Այն 60 մետր գետնի տակ է: Այնտեղ մենք աշխատում ենք ամերիկացի գործընկերների հետ, չեխերն են բերել իրենց երկրաչափերը տեղադրել, ճապոնացի մեր գործընկերները, ֆրանսիացիները»,-ասաց նախարարը:

Խորհրդակցությանը մասնակցող՝ Սեյսմիկ պաշտպանության ծառայության պետ Հրաչյա Պետրոսյանն էլ նշեց, որ մենք չունենք անոմալիաներ, որոնք կարող են հիմք ծառայել ուժեղ երկրաշարժերի կանխատեսման համար:

«Սովորական անոմալիաներ թույլ ցնցումների հետ կապված լինում են, բայց ուժեղ երկրաշարժի համար այսօրվա վիճակով չունենք: Մենք գուշակողներ չենք, փորձում ենք ռեալ նյութերի հիման վրա կանխատեսել երկրաշարժը: Ոչ մի լուրջ անոմալիա չունենք»,-ասաց Հրաչյա Պետրոսյանը:

Նշենք, որ ԱԻՆ-ի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը ժամը 11:00-ի սահմաններում եղել է 3 բալ, իսկ գիշերը 03:00-ին մոտ՝ 3-4 բալ: