Արագաչափերի, տեսախցիկների եւ կարմիր գծերի դեմ պայքարող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության ավտոերթերը խոչընդոտվում են, եւ միջադեպեր են լինում, միայն երբ միջամտում է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, նապաձեռնության հերթական ավտոերթի ավարտին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը՝ նշելով որ իրենց համար նախընտրելի է առնչվել ճանապարհային ոստիկանների հետ, քանի որ «Վալերի Օսիպյանը սադրիչ է»:

«Ճանապարհային ոստիկանների հետ մինչեւ այսօր խնդիր չենք ունեցել, խնդիր է ծագել այն ժամանակ, երբ միջամտել են այլ ուժային կառույցներ, մասնավորապես, եթե ղեկավարել է Վալերի Օսիպյանը: Ճանապարհային ոստիկաններն իրենց գործն են անում, մեզ ուղեկցում են։ Այսօր մենք անհնազանդության երթ չենք անում, այդ պատճառով անհնազանդության չենք գնում»,- ասաց Վարդան Հակոբյանը:

Իր կարծիքը Վարդան Հակոբյանը հայտնեց նաեւ Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանին, որն այսօր երթն ուղեկցող ճանապարհային ոստիկանների մեջ էր։

«Ուրախ եմ, որ ավտոերթին չեկավ Վալերի Օսիսպյանը եւ ամեն ինչ խաղաղ անցավ»,- ասաց Վարդան Հակոբյանը, ինչին Արշակյանը  պատասխանեց, որ բոլոր քայլերը համաձայնեցված են եղել փոխոստիկանապետի հետ:

Նշենք, որ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության այսօրվա ակցիան անցավ առանց միջադեպերի, ակցիայի մասնակիցները իրենց երթուղու վերաբերյալ համաձայնության եկան Երեւանի ՃՈ պետ Արշակյանի հետ խաղաղ երթ անցկացրին:

Ակցիայի ավարտին նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ սկսելու են ավտոերթեր անցկացնել նաեւ մարզերում:

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին ոստիկանները թույլ չտվեցին «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությանը ավտոերթ անցկացնել եւ շարժվել դեպի կենտրոն՝ փակելով Արշակունյաց պողոտան: Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հրահանգեց վարորդների մեքենաները քարշակով տեղափոխել տուգանային հրապարակ, տասնյակ քաղաքացիների բերման ենթարկվեցին։