Հայաստանում մեծ խնդիր է այն, որ Հայ Առաքելական եկեղեցին ծառայում է իշխանությանը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» նախաձեռնության անդամ Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզի Կողբ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու «Խորհրդավոր ընթրիք» նկարում առաքյալներից մեկին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի դիմագծերով պատկերելու փաստին։
«Մի խայտառակ դեպք եղավ, որը համացանցում շատ արագ տարածում գտավ։ Տավուշի մարզի Կողբ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու սրբապատկերը, որը խորհրդավոր ընթրիքն է, այդ նկարի մեջ հայտնվել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Եկեղեցականների հանցավոր լռությունը ապացուցում է, որ հայ եկեղեցու գործառույթը դարձել է իշխանության փիառ անելը եւ սրբապղծելը բոլոր հոգեւոր եւ մշակութային արժեքները»:
Հիշեցնեք, որ հուլիսի 7-ին համացանցում տարածվել էր Սուրբ Հովհաննես եկեղեցու սրբապատկերի լուսանկարը որում «Խորհրդավոր ընթրիքի» առաքյալների աստվածաշնչյան պատկերներից մեկը խիստ առանձնանում է 21-րդ դարի սանրվածքով և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին խիստ նման դիմագծերով:
Նշենք, որ Հովիկ Աբովյանը ծնունդով Կողբից է եւ Սուրբ Հովհաննես եկեղեցին նա է կառուցել։
«Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում եկեղեցու սրբապատկերի հեղինակ Անդրանիկ Անտոնյանն ասել էր, որ նախաձեռնության հեղինակն ինքն է, եւ նման կերպ ցանկացել է անակնկալ մատուցել մարզպետին, արդեն հրահանգել է փոխել նկարը, ու հիմա եկեղեցում տեղադրված «Խորհրդավոր ընթրիք» սրբապատկերում մարզպետը չկա:












