ՀՀ վարչական դատարանում այսօր՝ հուլիսի 8-ին, դատավոր Արման Թովմասյանը լրագրողներին արգելեց տեսանկարահանել «Նախախորհրդարանի» անդամ Վարդան Գերավետյանի դեմ ՀՀ ոստիկանության ներկայացրած հայցով դատական նիստերը՝ բավարարելով ոստիկանության ներկայացուցիչ Մարթա Մելիքսեթյանի միջնորդությունը:

Ոստիկանության ներկայացուցիչը միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի դատական նիստերը չտեսալուսանկարահանվեն՝ պատճառաբանելով, որ դա վատ է անդրադառնում իր անձնական կյանքի վրա, եւ նախկինում արված տեսագրություններն օգտագործվել են իրեն վարկաբեկելու համար:

Պատասխանող կողմի փաստաբան Տիգրան Եգորյանը հայտարարեց, որ այդ կերպ սահմանափակվում է «լրատվամիջոցների՝ հանրային հսկիչների առաքելության իրականացումը»:

«Որոշումը չի կարող ելնել այն կանխավարկածից, որ այդ տեսագրությունները կարող են օգտագործվել ոստիկանին վարկաբեկելու համար, այդպիսի փաստեր չներկայացվեցին: Հանրությանը չի մտահոգում այն, որ նա կաշկանդվում է տեսանկարահանումից, նա աշխատավարձ է ստանում հանրության վճարած հարկերից»,- ասաց Տիգրան Եգորյանը:

Նշենք, որ ոստիկանությունը Վարդան Գերավետյանին վարչական պատասխանատվության ենթարկելու հայց է ներկայացրել՝ նշելով, որ 2013թ. օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում բնակիչների բողոքին միացած ակտիվիստը չի կատարել ոստիկանի օրինական պահանջը:

Դատավորը բավարարեց ոստիկանության ներկայացուցիչ Մարթա Մելիքսեթյանի միջնորդությունը՝ Ոստիկանության Երեւան քաղաքի ծառայության բաժնի պետ Կարեն Մովսիսյանին որպես գործով վկա ներգրավելու եւ դատարան հրավիրելու վերաբերյալ։ Մարթա Մելիքսեթյանն ասաց, որ Վարդան Գերավետյանը չի ենթարկվել Կարեն Մովսիսյանի եւ մի քանի այլ ոստիկանների օրինական պահանջին, եւ որ իրենք պահանջում են Կարեն Գերավետյանին տուգանել 50,000 դրամի չափով:

Դատական նիստից  հետո ոստիկանության ներկայացուցիչ Մարթա Մելիքսեթյանը դահլիճից եւ դատարանից հեռացավ՝ դեմքը թղթով փակած:

Նիստից հետո փաստաբան Տիգրան Եգորյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ դատարանը լրագրողներին արգելելով տեսալուսանկարահանում իրականացնել՝ սահմանափակեց  նիստի հրապայնականությունը. «Վարչական էս բոլոր գործերով, ոստիկանության ներկայացրած բոլոր հայցերով, կարծես թե  միասնական պայմանավորվածության շրջանակներում արգելում են տեսանկարահանումները»:

Տիգրան Եգորյանի խոսքով՝ դատավորը Երեւան քաղաքի ծառայության բաժնի պետ Կարեն Մովսիսյանին որպես վկա դատարան հրավիրելով խախտում է թույլ տալիս:

«Դատարանը պետք է ստուգի վարչական մարմնի կողմից իրականացրած վարչական վարույթի օրինականությունը։ Սա ենթադրում է, որ որեւէ նոր ապացույցներ, նոր փաստեր, որոնք կհիմնավորեն ներկայացրած հայցադիմումը ընդդեմ քաղաքացու, անթույլատրելի են։ Դատարանը վարույթի նյութերի հիման վրա պետք է քննի՝ արդյոք այդ նյութերը բավարար հիմքեր պարունակում էին վարչական իրավախախտմամբ վերաբերյալ արձանագրություն կազմելու համար, թե ոչ»,- ասաց փաստաբանը:

Պատասխանող Վարդան Գերավետյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն օգոստոսի 24-ին չի առնչվել Կարեն Մովսիսյանի հետ եւ չգիտի, թե նա ինչ պետք է ասի. «Մենք  այդ օրը դուրս եկանք, որ ճանապարհը փակենք, որպեսզի ուշադրություն գրավենք մեր վրա: Մեր պահանջն էր՝ դադարեցրեք շինարարությունը, մենք դուրս կգանք ճանապարհից: Պարոն Մովսիսյանը իմ հետ չի առնչվել, այդ օրը նա ընդամենը եկավ, հրահանգ տվեց, որպեսզի  բերման ենթարկեն ինձ»: