Շիրակի մարզի Փանիկ գյուղի բնակիչներն առաջարկում են վարչապետ Հովիկ Աբրահամյանին «մի տեղ գրել, որ այս գյուղին երկու հակակարկտային կայան է պետք»: Այսօր՝ հուլիսի 9-ին, աշխատանքային այցով Շիրակի մարզ մեկնած Հովիկ Աբրահամյանին փանիկցիները դիմավորեցին գյուղի մշակույթի տան մոտ:

«Հարգելի վարչապետ, մի տեղ գրեք, որ չմոռանաք, որ մեզ երկու հակակարկտային կայան է պետք»,- վարչապետին դիմեց Փանիկի գյուղապետի եղբայրը:

NEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ, երբ փանիկցիները սկսեցին ներկայացնել իրենց խնդիրները, Հովիկ Աբրահամյանն ընդհատեց ու հայտնեց, որ ինքն այսօր եկել է հուլիսի 7-ին կարկուտի վնասները տեսնելու եւ գնահատելու համար:

«Հիմա էս գյուղում ամենագլոբալ հարցն այն է, որ կարկուտից տուժած համայնքներում լուրջ խնդիր կա: Ձեր բոլոր խնդիրները կլսեմ, բայց եկեք այսօր անդրադառնանք կարկուտին, ձեր վնասները գույքագրեք եւ ներկայացրեք մարզպետարան: Այն, որ այս համայնքին երկու հակակարկտային կայան է պետք, մենք այդ հարցը կլուծենք: Մենք կփորձենք ձեր դարդուցավը մեղմել»,- ասաց նա:

Նշենք, որ հուլիսի 8-ին Շիրակի մարզ էր այցելել նաեւ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Շիրակի մարզի Ղարիբջանյան եւ Ախուրիկ համայնքների բնակիչները հուլիսի 7-ին փակել էին Գյումրի-Ղարիբջանյան ճանապարհը՝ պահանջելով, որպեսզի մարզպետը եւ մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը անձամբ գան ու տեղում միասին գնահատեն նույն օրը երեկոյան ժամը 17։00-ից մոտ մեկ ժամ տեղացած հորդ անձրեւի, ապա մոտ 18 րոպե տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքները, որը մեծ վնաս էր հասցրել ցանքատարածություներին եւ բանջարաբոստանային կուլտուրաներին։