Շանթ Հարությունյանի նախաձեռնած խաղաղ երթը դադարեցվել է մինչեւ նրա Մաշտոցի պողոտա մտնել, բախումներն սկսել են ոստիկանները, իսկ ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը հաստատող փաստեր չկան քննչական մարմնի կողմից ներկայացված տեսանյութերում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ  համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Նոյեմբերի 5-ի գործով դատական նիստին հայտարարեց գործով մի քանի ամբաստանյալների փաստաբան Ինեսա Պետրոսյանը՝ ընթերցելով իր, փաստաբաններ Արա Զաքարյանի եւ Հովհաննես Խաչատրյանի համատեղ հայտարարությունը։

«Երթի մասնակիցների թիվը չի գերազանցել 50-ը, երթը դադարեցվել եւ խոչընդոտվել է  ոստիկանների կողմից մինչեւ Մաշտոցի պողոտա դուրս գալը, երթի մասնակիցները ոչ մի բռնություն չեն կիրառել նրանց նկատմամբ։ Ոստիկանները երթի սկզբում բարձրախոսով չեն դիմել նրանց եւ չեն զգուշացրել դրա անօրինականության մասին։ Երթն ուղեկցող ոստիկաններից ավելի շատ էին քաղաքացիական հագուստով ոստիկանները։ Երթի կազմակերպիչի՝ Շանթ Հարությունյանի նկատմամբ բռնի ուժ է գործադրվել։ Երբ Շանթը ոտքը դնում է Մաշտոցի պողոտա,  հետեւից մեկը բռնում է պարանոցից, ամբաստանյալ Վարդան Վարդանյանն էլ փորձում է մարդկային խոսել այդ մարդու հետ ու կռիվ է սկսում։ Այդտեղ լսվում  է Շահենի ձայնը, որը գոռում է՝ տեսնելով ինչպես են հորը հարվածում»,- ասաց Ինեսա Պետրոսյանը։

Ըստ փաստաբանների՝ քննչական մարմինը թույլ է տվել քրեադատավարական օրենքների կոպիտ խախտումներ. «Լազերային սկավառակի զննման ժամանակ եղել են խախտումներ, արձանագրության մեջ կան հանգամանքներ, որոնք չկան տեսանյութերում։ Արձանագրությունների վերջում չկան քննիչների ստորագրությունների, կա ոմն Ավետիսյանի ստորագրություն։ Առաջին արձանագրության մեջ գրված է, որ Արմեն Հովհաննիսյանը հրում է ոստիկան Արա Մարտիրոսյանին, իսկ երկրորդ արձանագրության մեջ գրում են, որ հարվածել է եւ ֆիզիկակա վնաս է հասցրել», - ասաց Ինեսսա Պետրոսյանը։

Այս հայտարարությանը միացան ամբաստանյալները եւ նրանց փաստաբանների մեծ մասը։

Նշենք, որ դատարանն այս փուլում հետազոտում է գործով առկա ապացույցները, այսօր շարունակում են դիտել մեղադրանքին կից ներկայացված տեսագրությունները։

Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):