Տաքսու վարորդները պահանջում են, որպեսզի մոտ մեկ տարի առաջ կասեցված՝ տաքսի ծառայություն իրականացնող ավտոմեքենաներին դեղին պետհամարանիշներ պարտադրող օրենքը կրկին ուժի մեջ մտնի: Այս պահանջով նրանք այսօր՝ հուլիսի 9-ին, Երեւանի Էրեբունի-Արցախ փողոցների խաչմերուկում բողոքի ակցիա անցկացրին՝ որին հրավիրված էր նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:  Մեկուկես ժամ  սպասելուց հետո նախարարի փոխարեն բողոքող վարորդների հետ զրուցելու եկավ նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը: Վարորդները բողոքեցին, որ իրենք անորոշության մեջ են, քանի որ մեկուկես տարի անցել է, ինչ կառավարությունը կասեցրել է դեղին պետհամարանիշները պարտադրող օրենքը եւ մինչեւ օրս ոչ մի այլ օրենք չի ընդունվել:

«Անցած տարի պատճառաբանեցիք, որ երկրում գոյություն ունի գործազրկություն, եկեք էն աստիճան պարզացնենք, որ ով ոնց ուզում է՝ քշի, մարդիկ ինչ-որ տեղ համաձայնեցին: Հետո մենք ուսումնասիրեցինք, տեսանք, որ ճիշտ է՝ գործազրկություն կա, բայց գոնե վարորդների մասով գործազրկություն չկա: Էսօր քաղաքում՝ մենակ տաքսի սերվիսներում, 4000 թափուր աշխատատեղ կա: Էս տարիուկես ա, որ օրենքը չի աշխատում, էդ անհավասար դաշտի պատճառով մարդիկ չեն հասցնում փող աշխատել, մարդիկ, որ վարկով մեքենաներ են վերցրել՝ տաքսիների տակ քշելու համար, վարկերի տակ են: Ընդամենը խնդրում են, որ կիրառվի եղած օրենքը: Արդեն էս եկրում  արտասովո՞ր է այն, որ մարդիկ խնդրում են, որ օրենք կիրառվի: Էստեղ հաստատ ոլորտը կարգավորելու հարց կա, էս մարդիկ ուրիշ բան չեն ուզում, ասում են՝ օրենքը աշխատացրեք՝ դա եւ պասաժիրին է ձեռք տալիս, եւ անհատ վարորդին եւ տաքսի ծառայությանը»,- Դավիթ Մելքոնյանին ասաց ակցիայի մասնակից,  «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ նախագահ Գեւորգ Դոստուրյանը:

Դավիթ Մելքոնյանը նշեց, որ իրենք ստացել են նախարարությանն ուղղված՝ 3 ՀԿ-ների նամակը, որով նրանք խնդրել են մինչեւ մեկ այլ օրենքի ուժի մեջ մտնելը փոփոխություններ կատարել կառավարության որոշման մեջ եւ վերացնել տաքսիների վարորդների ամենօրյա բուժզննումն ու տաքսիների ամենօրյա տեխզննումը:

«Մենք պատասխանել ենք, որ մեծ, լուրջ փոփոխություններ են կատարվել, որոնք բխում են օրենքից: Ամբողջ օրենքի նախագծերն Ազգային ժողովում են, անցել են երկրորդ ընթերցմամբ: Հիմա ոչ նպատակահարմար ենք գտնում կառավարության որոշումներում փոփոխություններ կատարելը, քանի որ մեզ լուրջ փոփոխություններ են սպասվում»,-ասաց Դավիթ Մելքոնյանը՝ նշելով, որ նոր օրենքով  կվերացվի տաքսիների վարորդների ամենօրյա բուժզննումն ու տաքսիների ամենօրյա տեխզննումը, իսկ տաքսիները կլինեն միայն սպիտակ պետհամարանիշներով: «Սահմանվելու է, որ լիցենզիայի տուրքի հաջորդ վճարման ժամանակ այդ դեղին համարի պահանջը չի լինելու: Բոլորը վճարելու են մեկ պատուհանի  սկզբունքով»,-հավելեց Դավիթ Մելքոնյանը:

Նշենք, որ օրինական դաշտ մտած տաքսու վարորդների խոսքով՝ իրենք անհավասար պայմաններում են աշխատում այն վարորդների հետ, որոնց մեքենաները միայն տաքսու տարբերանշան ունենալով կարողանում են ոլորտում աշխատել իրենց հավասար:

«Անօրինական տաքսիները, որ գնում, Վրաստանից բերում են,  տրանզիտ համարները վրան, զնակը դնում են, քշում: Մեկը սամալյոտի գներով ա քշում, մեկը՝ նորմալ: Ես ոստիկանության աշխատողի գիտեմ, որ առավոտ ավտոն տաքսու տակ քշում ա, հետո՝ գնում գործի: Բանկի աշխատող էլ գիտեմ տենց»,-բողոքեց տաքսու վարորդ Գագիկ Պողոսյանը:

Ակցիային մասնակցողները վարորդները նշեցին, որ իրենք, ի տարբերություն ստվերում գործող  վարորդների,  60%-ով ավելի են վճարում մեքենայի ապահովագրության համար՝ միեւնույն ժանանակ ապահովագրելով ուղեւորին: Թեեւ նրանք նշում են, որ դեղին պետհամարանիշներով տաքսիներն ավելի վստահելի են ուղեւորների համար, բայց միեւնույն ժամանակ բողոքում են, որ այս դեպքում ավելորդ գումար են վճարել այն վերցնելու համար, քանի որ չգիտեն՝ նոր օրենքով այն պարտադիր կլինի, թե ոչ:

«Ես այսօր այդ 5000-ը իմ դեղի փողից պետք է կտրեմ, վճարեմ: Առավոտ էլ նորից նույն կարգով թագավորը հրաման կտա, որ վերջնականապես որոշվեց, որ դեղին պետհամարանիշները հանվում են»,-ասաց  վարորդներից Հմայակ Բաբայանը: