Շանթ Հարությունյանը եւ նրա ընկերները փողոց են դուրս եկել երկրում առկա անարդարությունների դեմ բողոքելու, իրենց հուզում են հարցեր, որոնց վրա իշխանությունը աչք է փակում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Նոյեմբերի 5-ի գործով դատական նիստին հայտարարեց ամբաստանյալ Վարդան Վարդանյանը։
«Իրենց չի հետաքրքրում՝ ինչու է Ռուսաստանը զենք վաճառում Ադրբեջանին։ Էդ նույնն ա՝ ոնց որ ես գնամ որսորդական խանութ, զենք գնեմ, որ գնամ որսորդության։ Այսինքն՝ Ռուսասատանը Արդրբեջանին ոչ թե զենք է վաճառել, այլ դրա հետ միասին զենքը կիրառելու դաբրոն ա տվել։ Մեկը ինչի՞ չի հարցնում՝ մեր ստրատեգիական գործընկերը ինչի ա թշնամուն զենք վաճառում»- ասաց Վարդան Վարդանյանը։
Ամբաստանյալ Վարդան Վարդանյանը ասաց, որ իրենց հունից հանել են, եւ իրեն զարմացնում է՝ ինչու դեպքի վայրում կային քաղաքացիական հագուստով ոստիկաններ.
«Ես մտածեցի, ինձ թված, որ քաղաքացիական հագուստովները, որոնք սադրում էին, ադրբեջանցիներ են, ասեցի՝ վնասազերծեմ, որ հանկարծ ոստիկաններին չնվասեն, որ մենք էլ հետո չսկսենք կռվել։ Ես հերոսություն եմ արել, իրենց փրկել եմ, ինձ մեդալ տվեք։ Ինչո՞ւ քննիչները չեն բացահայտել այն լեյտենանտի անունը, ումից այդ ամենը սկսվել է, ինչո՞ւ են ասում՝ ոմն լեյտենանտ, լեյտենանտը չի կարող ոմն լինել»,- ասաց նա։
Վարդան Վարդանյանը նաեւ անդրադարձավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերջերս արած այն հայտարարությանը, որ ոստիկանությունը պետք է խստացնի իր աշխատանքը քաղաքացիական ակցիաները հսկելիս. «Մեր նորաթուխ վարչապետն ասում ա, որ պետք է խստացնեն ոստիկանները իրենց աշխատանքները։ Նեղվում են, որ պաշտոնյաների վրա կոպեկներ են նետում, հիմա ի՞նչ՝ իրանք մանթո՞ են ընկնում, որ կոպեկ են նետում, չեն նեղվի, որ պաչկով դոլար նետեն»։
Նշենք, որ դատարանն այս փուլում հետազոտում է գործով առկա ապացույցները, այսօր շարունակում են դիտել մեղադրանքին կից ներկայացված տեսագրությունները։
Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):











